Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Աթաթուրքի եւ հայ գեղեցկուհու սիրո պատմությունը բեմադրվել է ԱՄՆ-ում

Տեղադրվել է10:23 AM

Նյու Յորքում  թուրք-ամերիկյան համատեղ նախագծով բեմադրվել է «Սիրել» (To love) պիեսը՝ ըստ «Հերոսի տխուր սերը» վեպի, որը ներկայացնում է 1920-ականներին Ստամբուլի հարակից կղզիներից մեկում ապրող հայ գեղեցկուհու եւ Աթաթուրքի միջեւ սիրո փոքրիկ մի պատմություն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Սիրել» պիեսը բեմադրվել է անգլերենով՝  Turkish American Repertory Theater; Entertainment-ի աջակցությամբ։ 9 ամերիկացի եւ 11 թուրք դերասաններով բեմադրված պիեսը արժանացել է հանդիսականների հոտընկայս ծափահարություններին։
Պիեսի հեղինակ, Turkish American Repertory Theater; Entertainment-ի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Այշե Էլդեքը ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր պիեսը բեմադրվել է «Հերոսի տխուր սերը» գրքի մոտիվներով։
Ինչպես հայտնում է  NEWS.am-ը, «Հերոսի տխուր սերը» վեպի հեղինակ Նեհիր Ռոգենդորֆ Էյուբօղլուն իր գրքում ներկայացրել է 1920-ականներին Բույուքադա կղզում ապրող Հերմինե անունով հայ աղջկա եւ Թուրքիայի հիմնադիր Մուսաթաֆա Քեմալ Աթաթուրքի միջեւ փոքրիկ սիրո պատմությունը։
Ըստ գեղարվեստական ստեղծագործության, Հերմինեն մի օր երազում տեսնում է, որ իրեն ոսկե բանալի են տալիս եւ ցույց տալիս հեռվում երեւացող մի պալատ։  Հայ աղջնակը մտածում է, որ սրանով կիրականա իր երազանքը եւ կհասնի  Աթաթուրքին։ Այս երազից շատ չանցած Հերմինեն տեղեկանում է, որ իրենց մոտ հյուր է լինելու Աթաթուրքը, ում պատվին երեկո է կազմակերպվելու։ Հայուհին կարողանում է մայրիկից թույլտվություն վերցնել եւ հայտնվել այդ երեկույթին։
Հյուրերի մեջ իր գեղեցկությամբ Հերմինեն գրավում է նաեւ Աթաթուրքի ուշադրությունը, ով նրան պարի հրավեր է անում։ «Եթե իմ պարի հրավերը ընդունեք, ինձ շատ կուրախացնեք»,- ասում է Աթաթուրքը։  Հերմինեն ամոթխած պատասխանում է, որ ինքը պարել բոլորովին չգիտի։ «Ես քեզ կուղղորդեմ, փոքրիկ։ Դու միայն հանգիստ եղիր»,-ասել է Աթաթուրքը։
Պարի ընթացքում Աթաթուրքը հարցնում է, թե աղջնակը չասեց իր անունը, որին հայուհին պատասխանում է. «Հերմինե»։ «Ի՞նչ խառը անուն է»,-ասում է Աթաթուրքը։ Հերմինեն այդ պահին նայում է Աթաթուրքի աչքերին եւ պատասխանում. «հայկական անուն է»։

Share |

Գովազդ