Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Գագիկ Ծառուկյան. «ԲՀԿ-ն վստահ է իր ուժերին»

Տեղադրվել է5:04 PM

Փետրվարի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ: Համագումարի շրջանակներում ընդունվել է քաղխորհրդի հաշվետվությունը կատարած աշխատանքի մասին: Ընտրվեց նաև քաղխորհրդի կազմը 207 մարդուց բաղկացած և 7 անդամից բաղկացած վերահսկիչ հանձնաժողովը:
ԲՀԿ համագումարի մեկնարիկին սկզբում բոլորը՝ այդ թվում Սերժ Սարգսյանը ուշադրությամբ դիտել են ԲՀԿ-ի անցած ճանապարհը լուսաբանող մոտ 20 րոպեանոց տեսանյութը։ Այնուհետև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե կոալիցիան ցույց է տվել իր արդյունավետությունը։

-Իհարկե, համատեղ աշխատանքի ընթացքում եղան դեպքեր, երբ մեր կոալիցիոն գործընկերների հետ ունեցանք առանձին հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, սակայն այդ ամենը բնական է և տեղավորվում է առողջ տրամաբանության շրջանակներում։ ԲՀԿ-ն այսօր էլ հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի տառին ու ոգուն։ Մենք կոալիցիոն կառավարության կազմում բարեխղճորեն իրականացնում ենք մեր միասնական ծրագիրը, որն ուղղված է մեր հանրապետության զարգացմանը և պետականության կայացմանն ու հզորացմանը,-ելույթում ասել է ԲՀԿ նախագահը։

Նշելով, որ առջևում խորհրդարանական ու նախագահական ընտրություններ են, Գագիկ Ծառուկյանն ավելացրել է, թե մեր երկրում վերջին տարիներին ընտրությունները և նախընտրական կրքերն ու հետընտրական զարգացումները շատ ցավոտ են ընկալվում։

-Քաղաքական մթնոլորտի շիկացումը, քաղաքական պայքարի թեժացումը երբեմն անցնում են թույլատրելիի սահմանները։ ԲՀԿ-ն միշտ էլ կողմնակից է եղել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդներին, քաղաքական երկխոսությանն ու փոխզիջումներին։ Ընտրությունները չպետք է խաթարեն քաղաքական անդորրը, չպետք է պառակտեն հայ հասարակությանը, քաղաքական ուժերը պետք է պայքարեն բացառապես ժողովրդավարական խաղի կանոններին համաձայն,-նշել է Գ. Ծառուկյանը։

Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ քաղաքական իշխանությունը քաղաքական բավարար կամք ունի առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան անցկացնելու համար։

-ԲՀԿ-ն վստահ է իր ուժերին, պատրաստ է քաղաքակիրթ պայքարի և ազատ մրցակցության, -հավելել է ԲՀԿ առաջնորդը։

Share |

Գովազդ