Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Ժամանակ». Օլիգարխ Սամվել Ալեքսանյանը հաց է թխում որտեղ պատահի` «Երեւան Սիթիների» ներքնահարկերից մինչեւ Սեւանի հացի գործարան

Տեղադրվել է10:46 AM

Չի անցնում գեթ մեկ ամիս` առանց ՊԵԿ-ի կողմից «հերթական ապօրինի ձեռնարկատիրական գործունեության բացահայտումը» վերնագրով «ավետիսների», գրում է թերթը եւ որպես օրինակ հիշատակում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզմես գործունեությունը: «Օրինակ, ամբողջ հանրապետությունը գիտի, որ հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող «Երեւան Սիթիի» գլխամասային գրասենյակի (Տիչինայի փող., 3-րդ նրբ.) հարակից մասում մի հսկայական տարածք ունի, որտեղ ինչ ասես արտադրում է` սկսած հացից, վերջացրած օղիով: Բայց, օրինակ, հացը պարոն Ալեքսանյանը վաճառում է իրեն պատկանող մեկ այլ` «Սեւանի հացի գործարանի» անվան տակ, եթե, իհարկե, որեւէ մեկը հանկարծ շփոթվի ու հաշիվ-ապրանքագիր պահանջի սույն օլիգարխից:

Սակայն «շփոթվողներ» իրականում շատ քիչ կլինեն, որովհետեւ այս արտադրամասից հացը հիմնականում առաքվում է «Երեւան Սիթիի» սուպերմարկետների ցանց: Ընդհանրապես, մեր տեղեկություններով, Ս.Ալեքսանյանը արդեն մոնոպոլ դիրք է գրավել նաեւ հացի արտադրության ոլորտում, թեեւ դա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից արձանագրված չէ, քանի որ համարվում է, թե այս շուկայում որեւէ մեկը գերիշխող դիրք չունի: Միայն այդ գլխավոր գրասենյակի հարակից տարածքում, մեր տեղեկություններով, օրական 350-400 պարկ ալյուր է օգտագործվում հաց թխելու համար, որը, ինչպես արդեն նշեցինք, ոչ մի տեղ գրանցված չէ:

Համեմատության համար նշենք, որ օրական 10 պարկ եւ ավելի ալյուր օգտագործողները արդեն այն «բախտավորներն են», որոնք շահույթով են աշխատում` միջին հաշվով մեկ պարկից 5000 դրամ: Բազմապատկելով այս 5000 դրամը 350-ով եւ տարվա օրերի թվով` կստանանք տարեկան մոտ 640 մլն դրամի (1.75 մլն դոլարի) զուտ շահույթ: Տարիներ շարունակ աշխատող այս գործարանը, չգիտես ինչու, վրիպում է մեր հարկայինի քաջասիրտ օպերների ուշադրությունից, իսկ մի քանի օր ապօրինի վաճառքով զբաղվող խեղճուկրակ գյուղացիները` ոչ: Ի դեպ, Ս.Ալեքսանյանը հաց թխում է որտեղ պատահի` «Երեւան Սիթիների» ներքնահարկերից մինչեւ Սեւանի հացի գործարան` այդ հացը շատ հաճախ վաճառելով ոլորտի այլ ընկերությունների (օրինակ` «Սուրիկի լավաշի») անվան տակ»:

Share |

Գովազդ