Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ճապոնիան` մեծ և շատ մեծ միջուկային աղետի միջև

Տեղադրվել է10:53 AM

Երեկ ամբողջ օրը և այսօր Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում շարունակվում են վթարի վերացման աշխատանքները, սակայն այս պահին դրանք ոչ մի արդյունք չեն տալիս: Հայտնի է, որ մի քանի ռեակտորներում և օգտագործված վառելիքի պահեստներում հովացման համակարգի շարքից դուրս գալու պատճառով ջուրն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ գոլորշիացել է, իսկ ատոմային միջուկները արդեն հալման բուռն պրոցեսում են:

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան որոշում են կայացրել լքել Ճապոնիայի տարածքը կամ մնալ բնակարաններում և չլքել դրանք, եթե նրանք գտնվում են վթարված ատոմակայնից 80 կմ շառավղի վրա: Մենք տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի կառավարությունն էլ իր հերթին այդ երկրում գտնվող իր քաղաքացիներին կոչ էր արել լքել Տոկիոն և տեղափոխվել Ճապոնիայի հարավային շրջաններ, որոնք ամենաքիչն են տուժել երկրաշարժից: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Թեպետ Ռուսաստանը պաշտոնապես չի հայտարարել իր քաղաքացիների տարհանման մասին, սակայն ցանկացողները դիմում են Ռուսաստանի դեսպանատուն, և նրանց տարհանումը կազմակերպվում է:

Ամերիկացի մասնագետները նաև հաշվարկում են, թե որքան վնաս կարող է հասցնել ատոմակայանի պայթյունը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին: ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովի ղեկավար Գրեգորի Յացկոն հայտարարել է, որ պայթյունից և ռադիոակտիվ նյութերի արտահոսքից հետո Խաղաղ օվկիանոսի մյուս ափի երկրները գրեթե չեն զգա իրենց վրա վթարի ազդեցությունը: Միաժամանակ Յացկոն նշել է, որ Ճապոնիայի իշխանությունները ամբողջական տեղեկատվությունը չեն տրամադրում, իսկ եղածից կարելի է ենթադրել, որ իրավիճակը Ֆուկուսիմայում կրիտիկական է:

Երեկ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը խնդրել է երկրում հավատարմագրված դիվանագետներին և պաշտոնյաներին, որոնք հետևում են «Ֆուկուսիմա-1» ատոմակայնի վթարի ընթացքին, խուճապ չտարածել և հաղորդել այն տեղեկությունները, որ տրամադրում է Ճապոնիայի կառավարությունը:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ վթարի հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ երկու մարդ անհետ կորել է: Այս մասին հաղորդել է ՄԱԳԱՏԵ-ն:

Share |

Գովազդ