Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Հայոց աշխարհ». Հայ գիտնականները քիչ փողով հրաշքներ են գործում

Տեղադրվել է10:29 AM

Աշխարհում գիտության վիճակի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010թ. օրերս հրապարակած հաշվետվության տվյալները հպարտության լուրջ առիթ են ոչ միայն հայ գիտնականների, այլեւ ողջ ժողովրդի համար։

Միաժամանակ դրանք նաեւ ամաչելու առիթ պետք է դառնան մեր գիտակրթական ոլորտի պատասխանատուների համար, որոնք իրավունք չունեն հպարտանալ մի բանով, որն իրենց աշխատանքի արդյունքը չէ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010թ. հաշվետվությունը ցույց է տալիս, որ համեստ աշխատավարձով իրենց գոյությունը քարշ տվող հայաստանցի գիտնականները միջազգային ճանաչման են հասել միայն ու միայն սեփական տաղանդի, նախաձեռնության եւ անդուլ աշխատանքի շնորհիվ։

Այսպես. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տարածված UNESCO Science Report 2010: the Current Status of Science around the World հաշվետվության տվյալներով 2000-2008թթ. ընթացքում միջազգային ամենահեղինակավոր ամսագրերում լույս տեսած հրապարակումների բացարձակ թվով Հայաստանի գիտնականները Կենտրոնական ու Արեւմտյան Ասիայի իրենց գործընկերների շարքում ամուր հաստատվել են պատվավոր երկրորդ տեղում՝ զիջելով միայն Իսրայելին։

Ավելին՝ հարավկովկասյան երեք երկրների շարքում Հայաստանի գիտնականները Վրաստանի ու Ադրբեջանի իրենց գործընկերներից կտրուկ առաջ են անցել հրապարակումների բացարձակ թվով, համապատասխանաբար՝ 544, 328, 292։

Եւ եթե այդ հրապարակումները բաժանում ենք հարավկովկասյան հանրապետությունների գիտնականների ընդհանուր թվի վրա, ապա, այսպես կոչված, «մեկ շնչին ընկնող արտադրանքով», այսինքն՝ արդյունավետության ցուցանիշով 2000-2008 թվականների ընթացքում մեր գիտնականները 3 անգամ գերազանցել են վրացիներին, 5 անգամ՝ ադրբեջանցիներին։

Բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010թ. գիտական հաշվետվության վերլուծությունից բխող ամենացնցող ցուցանիշներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ բաղդատում ենք 2000-2008թթ. միջազգային ամենահեղինակավոր ամսագրերում ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ եվրոպական երկրների գիտնականների հրապարակումների դիմաց նրանց ծախսած ֆինանսական միջոցները հայ գիտնականների ստացած գրոշների հետ։

Սա հիրավի ազգային հպարտության լուրջ առիթ է տալիս, քանզի ստացվում է, որ ներդրված մեկ դոլարի դիմաց ստացված գիտական ռեալ արդյունքով (միջազգային ամենահեղինակավոր ամսագրերը միայն նման արդյունքներն են տպագրում) հայաստանցի գիտնականները 10-15 անգամ գերազանցել են ամենաառաջատար երկրների իրենց գործընկերներին։ Այսինքն՝ թեեւ ստացել են չնչին աշխատավարձ, բայց ստեղծել են կատարված ֆինանսական ներդրմանը բազմակի գերազանցող արդյունքներ։

Հետաքրքիր տվյալ է ստացվում նաեւ այն պարագայում, երբ Հայաստանի գիտնականների հրապարակումները համեմատում ենք մեր երկրի հետ բազմաթիվ ընդհանրություններ ունեցող հետխորհրդային տարածքի այլ պետությունների կոնկրետ ցուցանիշների հետ։ Ի վերջո, ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում գիտնականի ֆինանսավորումը մերոնց համեմատ աստղաբաշխական տարբերություն ունի, ուստի համեմատության եզր գտնելը դժվար գործ է։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Share |

Գովազդ