Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Վիքիփեդիայում ՀՊՏՀ-ի ուսանողներն ավելացրել են հայալեզու հոդվածների թիվը

Տեղադրվել է4:58 PM

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ «1% գիտելիք սերունդներին» խորագիրը կրող աշխատանքների շնորհանդեսը:

ՀՊՏՀ Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ Ավետիս Բերբերյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի համագործակցության արդյունքում, բուհի 3-րդ կուրսի 20-ից ավելի ուսանողներ Վիքիփեդիա ազատ հանրագիտարանի հայկական ռեսուրսները համալրել են էկոլոգիայի բնագավառին վերաբերող 140 հոդվածով:

Նա նշեց, որ ծրագրի նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների դաշտում հզորացնել հայկական ռեսուրսները:
ՀՊՏՀ-ի 3-րդ կուրսի ուսանող Բեջանյան Հայկը, ով իր ներդրումն է ունեցել այս աշխատանքներում, նշեց, որ Վիքիփեդիա ազատ հանրագիտարանում հայկական հոդվածների թիվը շատ քիչ էր` կար 13 հազար 700 հոդված, սակայն այս ծարգրի շրջանակներում մենք ավելացրել ենք այդ 13 հազար 700 հոդվածին ևս մեկ տոկոս` այսինքն ավելի քան 140 հոդված:
«Քանի որ ապրում ենք 21-րդ դարում, իսկ այսօր առաջնային է համարվում վիրտուալ գրադարանի առկայությունը, դրա համար էլ մեր աշխատանքները ուղղված են լինելու Վիքիփեդիա ազատ հանրագիտարանը հայկական հոդվածներով համալրելու գործին»,- ասաց նա:

Միջոցառմանը ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, այս ծրագիրը շատ գովելի նախաձեռնություն է:
«Վիքիփեդիան այն անվճար հանրագիտարաններից է, որտեղ տարբեր լեզուներով հոդվածներ են տեղադրվում, այսօր մեր իսկ գլխավոր նպատակն է շատացնել վիքիփեդիայում հայկական հոդվածների քանակը, քանի որ հայկական հոդվածների թիվը քիչ է, այն չորս անգամ պակաս է ադրբեջանական հոդվածների թվից, հոդվածների թվով մենք զիջում ենք նաև Վրաստանին: Այդ իսկ պատճառով պետք է քաջալերել այս նախաձեռնությունը, որ այն իր շարունակությունը ունենա նաև տարբեր բուհերում»,-ասաց Ա. Աշոտյանը:

«ԿԳ նախարարությունն առաջիկա ամիսներին կրթության ոլորտին վերաբերող մի շարք հայալեզու հոդվածներ կտեղադրի Վիքիփեդիա ազատ հանրագիտարանում»,-հավելեց նախարարը:
Ծրագրի նպատակներից է նաև երիտասարդներին ներգրավել գիտության ոլորտում: Քանի որ ներկայումս գիրքն ու գրականությունը նահանջում են ինտերնետին, ուստի երիտասարդների` գրականությունից կտրվելու բացը ծրագրի միջոցով փորձ է արվում լրացնել` միևնույն ժամանակ երիտասարդներին մոտեցնելով գիտությանը: Իսկ Վիքիփեդիա ազատ հանրագիտարանը տալիս է դրա հնարավորությունը. այն հեշտ հասանելի է, չի պահանջում լրացուցիչ ջանքեր, ինչի արդյունքում րոպեների ընթացքում կարելի է ծանոթանալ հսկայական գրականության:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի համագործակցության արդյունքում իրականացվող պիլոտային այս ծրագիրն առանձնահատուկ է նաև նրանով, որ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի հայկական շտեմարանը համալրելու գործում աշխատել են ոչ թե անհատներ, ինչպես դա սովորաբար արվում է, այլ աշխատանքային խումբ: Այս պատճառով էլ ՀՊՏՀ տասնհինգ 3-րդ կուրսեցիներից բաղկացած խումբը նշված նախաձեռնության համար Վիքիփեդիայի կողմից արժանացել է բրոնզե մեդալի:
Ծրագիրը կլինի շարունակական, որի շրջանակներում Վիքիփեդիա ազատ հանրագիտարանի հայկական ռեսուրսները կհամալրվեն նաև այլ ուսանողական աշխատանքային խմբերի կողմից:

Share |

Գովազդ