Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Գուշակություններն ընդունելի չեն Աստծո կողմից

Տեղադրվել է3:19 PM

Մեր ժողովրդի մեջ աստիճանաբար ավելի է արմատավորվում սնոտիապաշտությունը, եւ մարդը սկսում է տեղ տալ ոչ թե Աստծուն, այլ սուրճի մրուրին:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը` գուշակության ցանկացած ձեւ եւ դրսեւորում ընդունելի չէ Աստծո կողմից: Քահանայի գնահատմամբ` գուշակությունը խաբեություն է:

«Գուշակությունը երբեմն շփոթում են մարգարեությունների հետ: Սրանք, սակայն, գուշակություններ չեն, այլ Աստծուց են տրված»,- ասաց Տեր Շմավոնը` նշելով, որ ցանկացած գուշակություն Աստծուց չէ, սատանայից է: Գուշակությունների երեւույթին իր գնահատմամբ «աշխարհիկ» մեկնաբանություն տալով` «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը նշեց, որ դրանք պատմամշակութային իրողություն են, որ մշակվել են ժողովրդի պատկերացումներում: «Գուշակության վտանգն այն է, որ մարդն այդպիսով նախապես ծրագրավորում է իր կյանքը:

Նրա համար գուշակը դառնում է անվիճելի հեղինակություն, եւ մարդը սկսում է իր կյանքի ուղին գծել` ըստ ասվածի»,- նշեց Ռ. Պողոսյանը: Տեր Շմավոնի խոսքով` «գուշակներն» ունեն հատուկ վարվելակարգ. նրանք իրենց դիմողին սկսում են «պատմել» իրենց իսկ մասին: Քանի որ սովորաբար աղջիկներն են դիմում գուշակներին, վերջիններիս համար պարզ է լինում, որ պետք է ընդամենը ասել` դու այսքան տարեկան ես, սպասում ես քո արքայազնին: Իր «անցյալի» մասին լսելով` աղջիկը մոռանում է, որ իրեն հետաքրքրում է ապագան:

Իսկ լսելով, որ «այսինչ օրը, այսինչ ժամին» ինքը հանդիպելու է «նրան», այդ օրը նա առանձնահատուկ ուշադրությամբ է զննում օրվա ընթացքում իրեն հանդիպող երիտասարդներին: Բանախոսները խորհուրդ են տալիս ապրել նաեւ «այսօր»-ով, գուշակություններին դիմելով` չկորցնել ինքնությունը: «Որեւիցե մեկն անտեսված չէ Աստծո կողմից: Մեր բոլորիս պաշտպանությունն Աստծուն հավատարիմ մնալու մեջ է»,- ասաց քահանան` հավելելով, որ եկեղեցին պետք է կազմի ոչ թե մեր կյանքի եւ առօրյայի մի մասը, այլ լինի մեր անբաժան ուղեկիցը:

Share |

Գովազդ