Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Վարչապետը նախարարին մեղադրել է անկազմակերպվածության մեջ

Տեղադրվել է1:18 PM

«Մեր քաղաքացիներին մտահոգող, հետաքրքրող հարցերին մենք պետք է օպերատիվ արձագանքենք ու օպերատիվ պատասխանենք»,- այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ խոսքը վերաբերում է կենսաթոշակների վճարմանը:

Ըստ նրա, հունվարի ընթացքում թոշակների վճարների հետ կապված խնդիրներ են առաջացել. հերթեր են կուտակվել «Հայփոստի» բաժանմունքներում և կա արդարացի դժգոհություն: «Մեր նպատակն էր ապահովել, որպեսզի թոշակառուները ժամանակին, առանց հերթերի ստանային իրենց թոշակները: Դրա համար որոշում էր ընդունվել, որ այսուհետ թույլ ենք տալու, որ թոշակառուներն իրենք ընտրեն իրենց համար թոշակ ստանալու հարմարավետ եղանակը: Համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելով, այսուհետ թոշակաների վճարումը կարող են իրականացնել Հայաստանի բոլոր առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները` ստորագրելով պայմանագիր Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Սա նշանակոմ է, որ քաղաքացիներն իրենք կարող են որոշել տեղը և ձևը, թոշակ ստանալու եղանակը: Ցավոք սրտի, հունվարին ստեղծվեցին լուրջ խնդիրներ»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով, Վերահսկիչ պալատը նույնպես բացահայտել էր պրոբլեմներ, որոնք կապված էին թոշակների վճարման հետ: Մասնավորապես, ցուցակների անհստակություն: «Այս գործառույթը պետական մեկ մարմնից «Հայփոստին» փոխանցելու ժամանակ մենք բացահայտեցինք, որ ցուցակներում կան լուրջ խնդիրներ, անճշտություններ, որոնք չարաշահումների տեղիք են տալիս: Մահացած թոշակառուների անուններով գումարներ էին լվացվում, իսկ որոշ ժամանակ անց ինչ-որ մարդիկ դրանք ստանում էին»,- ասաց վարչապետը: 

Կառավարության ղեկավարը, դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, բացատրություն պահանջեց, թե ստեղծված իրավիճակի մասին ինչ կասի և ինչ քայլեր է ձեռնարկում նախարարոթյունը, որպեսզի փետրվարի վճարումների ժամանակ նման իրավիճակ չստեղծվի: 
Նախարար Արթուր Գրիգորյանի պարզաբանմամբ, կենսաթոշակի վճարման կարգի փոփոխությունների նպատակն է բարելավել կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի հասցնել վճարման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը, ազատականացնել կենսաթոշակների վճարման ծառայությունների շուկան` հնարավորություն տալով բոլոր բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին ընդգրկվել գործընթացում և սահմանված նոր կարգով թոշակների տրամադրումն իրականացնել անկանխիկ և կանխիկ եղանակով: 

Նախարարն ասաց, որ այսօր պայմանագրեր են ստորագրվել 12 բանկերի և 4 վճարահաշվարկային կազմակերպությունների հետ: Ըստ նրա, միաժամանակ ակնհայտ է, որ կենսաթոշակների վճարման նոր կարգի կիրառումը սկզբնական շրջանում որոշակի խնդիրներ կառաջացներ: «Եվ հիմա «Հայփոստի» հետ կնքված պայմանագրով հունվարից Երևանում կենսաթոշակները վճարվում են «Հայփոստի» միջոցով: «Հայփոստի» բաժանունքների համար կենսաթոշակների վճարումը նոր գործընթաց էր և, բնականաբար, դա խնդիրներ կառաջացներ: Ուստի առաջացան որոշակի հերթեր, ինչն էլ առաջացրեց քաղաքացիների արդարացի դժգոհությունը»,- նկատեց նախարարը, ապա հավելեց նաև, որ թոշակների վճարների ուշացումը կապված էր այն հանգամանքի հետ, որ առաջին վճարումը համընկավ ամանորյա տոների հետ: 

Արթուր Գրիգորյանը նշեց, որ տրված են համապատասխան հանձնարարականներ փետրվարից կենսաթոշակների վճարումն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ: «Վստահ ենք, որ վճարման կարգի փոփոխության դրական արդյունքը տեսանելի կդառնա թոշակառուների համար»,- ասաց նա:

Այնուհետև վարչապետն ասաց. «Իսկ հիմա կարո՞ղ ենք վստահ լինել, որ փետրվարին հերթեր չեն կուտակվելու»: Նախարարը մեկ անգամ ևս վստահեցրեց, որ խնդիրները լուծվել են և փետրվարին համեմատաբար թոշակների վճարման գործընթացը արդյունավետ կիրականացվի: Տ. Սարգսյանը նախարարին կոչ արեց, որ կենսաթոշակների վճարման նոր կարգի մասին պարբերաբար հեռուստատեսությամբ ներկայացվի քաղաքացիներին. «Եթե նման քայլեր չձեռնարկվեն, բնականաբար, օգտվողների քանակը շատ չի լինի և խնդիրներն էլ չեն լուծվի»: 

Նախարար Ա. Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ 2011 թ. հունվարին 2010 թվականի դեկտեմբերի համեմատ Երևանում շուրջ 4000 կենսաթոշակառու թոշակ չի ստացել, այսինքն 500 միլիոն դրամ չի վճարվել: Ըստ նրա, այժմ իրականացվում է համապատասխան վերլուծություններ` պատճառները վեր հանելու և առկա խնդիրներին լուծում տալու նպատակով:

Share |

Գովազդ