Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

2010-ին հանցագործությունների թիվն աճել է

Տեղադրվել է1:12 PM

2010թ.-ին Հայաստանում գրանցված հանցագործություններն աճել են 7,9 տոկոսով կամ 1138 դեպքով։ Նախորդ տարի գրանցվել է 15 477 հանցագործություն՝ 2009-ի 14 339-ի փոխարեն։ Ինչպես նշվել է ոստիկանության կոլեգիայի նիստում, նախորդ տարի շարունակվել է ակտիվ աշխատանքը լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման, ինչպես նաև հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը բացառելու ուղղությամբ։
Հանցագործությունների թվաքանակի աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 3933 հանցագործության դեպք, կատարված լինելով նախկին տարիներին, ոստիկանության ջանքերով հայտնաբերվել և հաշվառման են վերցվել 2010-ին։
Նախորդ տարի 2,1 տոկոսով նվազել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (2009 թ.՝ 5417, 2010 թ.՝ 5304): Նվազել է այնպիսի հիմնական հանցատեսակների թիվը, ինչպիսիք են սպանությունը (2009 թ.՝ 68, 2010 թ.՝ 41), սպանության փորձը (2009 թ.՝ 29, 2010 թ.՝ 27), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը (2009 թ.՝ 1436, 2010 թ.՝ 1353), այդ թվում՝ ծանր (2009 թ.՝ 181, 2010 թ.՝ 167), բռնաբարությունը և բռնաբարության փորձը (2009 թ.՝ 21, 2010 թ.՝ 15), մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները (2009 թ.՝ 187, 201 0թ.՝ 182)։ Նվազել են նաև ավազակության (2009 թ.՝ 151, 2010 թ.՝ 107), կողոպուտի (2009 թ.՝ 265, 2010 թ.՝ 249), գողության (2009 թ.՝ 3961, 2010 թ.՝ 3664), յուրացման կամ վատնման (2009 թ.՝ 182, 2010 թ.՝155) դեպքերը:
Նախորդ տարի հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1518 դեպք, ինչը 2009-ի համեմատ աճել է մոտ մեկ քառորդով: Առգրավվել է 59 կգ 360 գրամ մարիխուանա, 29 կգ մետամֆետամին, 8 կգ 850 գրամ ափիոն, 6 կգ 900 գրամ հերոին, և այլն:
Հայտնաբերել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 896 հանցագործության դեպք (2009 թ.` 696):
Հայտնաբերված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը կազմել է 638, ինչը 16,0 տոկոսով ավելի է 2009 –ի ցուցանիշից։ Ընդ որում, նշված հանցագործություններից 469-ը կամ 85,2 տոկոսը ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 60-ը կաշառակերության դեպքեր են (2009 թ.՝ 56), որոնցից 54-ը հայտնաբերվել է ոստիկանության ջանքերով:
Ավելի քան մեկ երրորդով նախորդ տարի նվազել է հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունների թիվը (2009 թ.՝ 100, 2010 թ.՝ 66):
Արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 475 դեպք, ինչը 14,5 տոկոսով ավելի է 2009-ի ցուցանիշից։ Ապօրինի շրջանառությունից առգրավվել է 354 միավոր հրազեն, իսկ բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է 654-ը:

Share |

Գովազդ