Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Խոստացել է արդար քննություն

Տեղադրվել է12:56 AM

Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը նախօրեին ընդունել է վերջին տարիներին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին եւ խոստացել, որ հետամուտ է լինելու նրանց որդիների մահվան հանգամանքները պարզելու հարցում։ NEWS.am-ին այս մասին ասել է զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։

«2 ժամ 20 րոպե տեւած հանդիպման ընթացքում մենք՝ հինգ ծնողներս, Կոստանյանին ներկայացրեցինք մեր դժգոհություններն ու մտահոգություները, խոսեցինք մեր բողոքի մասին։ Նա մանրամասն լսեց մեզանից յուրաքանչյուրին, բացթողումները շտկելու հանձնարարություններ տվեց։  Ընդհանուր տրամադրվածությունը շատ լավ էր, մտածում եմ, եթե այսպես շարունակվի, ամեն ինչ լավ կլինի։ Կոստանյանը խոստացավ, որ մեր բոլորի գործերը հարյուր տոկոսով կբացահայտվեն եւ մեղավորները կպատժվեն։ Նա նաեւ ասաց, որ 7-10 օր հետո կրկին կընդունի մեզ»,- տեղեկացրեց Նանա Մուրադյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ի՝ հայկական բանակի 19-րդ տարեդարձի նախօրեին, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերից մի քանիսը, իրենց որդիների նկարները ձեռքներին, Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ լուռ ցույց էին արել՝ պահանջելով վերականգնել արդարությունը եւ բացահայտել իրենց որդիների մահվան իրական պատճառները։

Երկրի ղեկավարը մոտեցել էր իրենց, զրուցել եւ խոստացել, որ զինվորական դատախազին կհրահանգի զբաղվել հավաքվածների գործերի արդար քննությամբ։

Share |

Գովազդ