Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ սահմանեց Լիբիայի նկատմամբ

Տեղադրվել է11:27 AM

Երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կառույցի բոլոր 15 անդամները միաձայն քվեարկել են Լիբիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օգտին: (Երևանի ժամանակով նիստն ավարտվել է այսօր ժամը 3:00-ի սահմաններում):

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից առաջ քաշված բանաձևը արգելում է զենքի և ռազմական ցանկացած նշանակության պարագաների վաճառքը Լիբիային, այդ երկրի առաջնորդ Մուամմար Կադաֆիին արգելվում է երկրի սահմաններից դուրս գալը, նրա, նրա որդու և չորս այլ բարեկամների միջազգային բանկային հաշիվները սառեցվում են:
Բացի այդ, ինչպես ակնկալվում էր, Անվտանգության խորհուրդը Հաագայի Միջազգային քրեական դատարանին հանձնարարել է հետաքննեել Լիբիայի վերջին իրադարձությունները մարդկության դեմ հանցանք գործած հանցագործներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Մինչև քվեարկությունը ՄԱԿ-ում Լիբիայի դեսպան Աբդել Ռահման Շալղամին ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի առջև և խնդրել «փրկել իր ժողովրդին»:

Ինչպես հաղորդում է Անվտանգության խորհրդի պաշտոնական կայքը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի մունը նիստից հետո հույս է հայտնել, որ բանաձևը «հույս և հանգստություն կբերի բոլոր նրանց, որոնց անվտանգությունը ներկայում սպառնալիքի տակ է»: «Պատժամիջոցները, որոնք դուք սահմանեցիք, անհրաժեշտ էին Լիբիայում ժողովրդի համաձայնությունն ու մասնակցությունը ենթադրող կառավարման նոր համակարգին անցումն արագացնելու համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

ՄԱԿ-ի գնահատականներով՝ տասնօրյա հուզումների ընթացքում առնվազն 1000 մարդ է զոհվել Լիբիայում:
Լիբիայում երկրի ղեկին 42 տարի գտնվող Մուամմար Կադաֆիի հրաժարականի պահանջով զանգվածային հուզումներն սկսվել են փետրվարի 15-ին: Ներկայում, բացառությամբ մայրաքաղաք Տրիպոլիի, Կադաֆին կորցրել է իշխանությունը երկրում, իսկ մայրաքաղաքում մարտեր են ընթանում կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև:

(Նկարում՝ Լիբիայի պատվիրակության անդամը գրկել է ՄԱԿ-ում Լիբիայի դեսպան Աբդել Ռահման Շալղամին Անվտանգության խորհդրում վերջինիս ելույթից հետո):

Share |

Գովազդ