Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հայոց կարիերիստ արծիվները

Տեղադրվել է7:18 AM

Փետրվարի 19-ին «Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ի միամյակին նվիրված տոնակատարությանը Սյունիքից քիչ մարդ է մասնակցելու. ընդամենը 25 հոգի: Սա, ըստ կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի, ինքնանպատակ չէ:

«Սյունյաց արծիվները» մոտ 9 տարի է` գործում է ու կայացած կառույց է: Իսկ ընդամենը մեկ տարվա կենսագրություն ունեցող «Հայոց արծիվները» պիտի ապացուցի, որ մեծ ուժ է»,-ասում է Խ.Ասրյանը: Փոխարենը միամյակին մասնակցելու է 10 հազար արծիվ՝ հանրապետության 56 մասնաճյուղ-գրասենյակներից: 7,000 մարդ միայն մարզերից է լինելու:

Կազմակերպությունն իր մասնաճյուղերն ունի 15 քաղաքում ու 41 գյուղում: Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերում պաշտոնապես մասնաճյուղեր կհիմնվեն համագումարից: Ի դեպ, տոնակատարությանը մասնակից միակ պետական պաշոտնյան Խաչիկ Ասրյանն է լինելու:

«Պետական ոչ մի կառույց, ոչ էլ ՀՀԿ խորհուրդը, կապ չունեն միջոցառման հետ: Սա զուտ մերն է, արծիվներինը»,- ասաց «հայոց գլխավոր արծիվը»:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Խ. Ասրյանն ասել էր, որ փետրվարի 19-ին այնքան մարդ է հավաքվելու, որ չի հաջողվել անել ընդդիմադիրներին:

Մատենադարանի հավաքից հետո արծիվները «կենդանի երաժշտության» ներքո՝ հայկական զուռնա-դհոլի տակ քոչարի են բոլորելու Հանրապետության հրապարակում: Արդյո՞ք ՀՀ նախագահը, տեսնելով արծիվների հզոր ուժը, Խ. Ասրյանին կնշանակի Սյունիքի մարզպետ:

Ավելացնենք, որ գնալով թեժանում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Խաչիկ Ասրյանով փոխարինելու խոսակցությունները:

Share |

Գովազդ