Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

ԿԳՆ-ն ու դպրոցական բռնությունը

Տեղադրվել է7:15 AM

Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է վերջերս մամուլում և Facebook–ում հաճախակի հայտնվող հրապարակումներին այն մասին, թե աշակետները դպրոցներում բռնության են ենթարկվում տնօրենների ու ուսուցիչների կողմից։ Նա նշեց, որ իրենք էլ են նման ահազանգեր ստանում։

«Մենք մամուլին էլ ենք հետևում, ու ցանկացած նման հրապարակման հետևից գնում ենք՝ պարզելու ճշմարտությունը»,– ասել է Մանուկ Մկրտչյանը։

Բանախոսը նշել է, որ պետք չէ խնդրին միայն մեկ կողմից նայել։ «Բավականին վատ պահվածքով աշակերտներ ունենք, և կան նաև ուսուցիչներ, որ նույնպես երբեմն իրենց թույլ են տալիս այն, ինչ չի կարելի մանկավարժին»:

«Երբ աշակերտները բողոքում են տնօրեններից կամ ուսուցիչներից, ի՞նչն է պատճառը, որ չեն ներկայացնում իրենց ընկերների պահվածքը։ Նման երևույթներ կան, մենք տեղյակ ենք, այդ հարցերով զբաղվում ենք»,– ասել է փոխնախարարը։

Մանուկ Մկրտչյանն անդրադարձել է նաև դպրոցներում դրամահավաքության խնդրին՝ նշելով, որ երևույթի դեմ միայն համընդհանուր ուժերով կարելի է պայքարել։

«Նախարարության լծակները շատ աղքատ են, որովհետև նա իրավունք չունի իր լիազորություններից դուրս քայլեր անելու։ Բողոքի դեպքում մեր աշխատակիցները գնում են տեղում պատկերը պարզելու։ Ցավն այն է, որ չի եղել մի դեպք, որ մեր մարդիկ գնան տեղում ճշտելու, և նրանք, ովքեր բողոքում են, ասեն՝ «այո՛, եղել է»։ Դա շատ ծանր պրոբլեմ է»:

Share |

Գովազդ