Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ճապոնական «Ֆուկուսիմա1» ատոմակայանում նոր պայթյուն է տեղի ունեցել

Տեղադրվել է12:06 PM

Երեկ Ճապոնիայի «Ֆուկուսիմա1» ատոմակայանում տեղի ունեցած հերթական պայթյունից հետո ճառագայթման մակարդակը թույլատրելի նորմերը գերազանցել է ինչպես ատոմակայանի շրջանում, այնպես էլ ատոմակայանի և Տոկիոյի միջև գտնվող Իբարակի պրեֆեկտուրայում։ Այս մասին հայտնում է « Ֆրանս պրես» գործակալությունը։

Իսկ Reuters գոծակալության տվյալներով՝ պայթյունից հետո, ատոմակայանի շրջանում և դրա մերձակայքում ճառագայթման մակարդակը 4 անգամ բարձրացել է։ Տեղի ժամանակով ժամը 08.31 –ի դրությամբ՝ այդ ցուցանիշը հասել է 8220 միկրոզիվերտ/ ժամի, որն ութ անգամ գերազանցում է ամենամյա թույլատրելի նորման։

«Ֆուկուսիմա 1» ատոմակայանի երկրորդ ռեակտորում պայթյունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 01։10–ին։
Հաղորդվում է, որ հենց այդ պայթյունն է վնասել ռեակտորի պաշտպանիչ պատյանի ներսում գտնվող ռեզերվուարը, որն իր մեջ սառը ջուր է պարունակում՝ անվտանգության համակարգի գործի ընկնման ժամանակ առաջացող գոլորշին հեղուկացնելու համար։

Գործակալության հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով ատոմակայանի տանիքը վնասվել է և անցքի միջով գոլորշի է դուրս եկել։

«Ֆրանս պրես» գործակալույթունը հայտնում է, որ ատոմակայանից տարհանվել են աշխատակիցները. ատոմակայանում են մնացել միայն նրանք, ովքեր ռեակտորի հովացման կոնտուրներ ջուր են ներմղում ։

Պայթյունից հետո հեռուստաուղերձով ժողովրդին է դիմել Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը և առաջինը հայտնել, որ «Ֆուկուսիմա1» ատոմակայանի 4–րդ բլոկում հրդեհ է բռնկվել։ Նա նաև ասել է, թե ճառագայթման արտահոսք է տեղի ունեցել և ատոմակայանի շուրջ՝ 20–30 կմ շառավղով գոտու բնակայրերում ապրող բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տանից, փակել դռներն ու պատուհանները։

Վարչապետը նաև հայտնել է, թե արտահոսքը կանխելու համար հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկվում են։

Նշենք, որ ավելի վաղ, պայթյուններ են տեղի ունեցել «Ֆուկուսիմա1» ատոմակայանի երրորդ և առաջին ռեակտորներում։

Իսկ մարտի 11–ին տեղի ունեցած երկրաշարժից հետո, իրարից 12 կմ հեռավորության վրա գտնվող «Ֆուկուսիմա 1» և Ֆուկուսիմա 2» ատոմակայաններում, հովացման համակարգի խափանման պատճառով, արտակարգ դրություն էր մտցվել։

Մարտի 11-ին, Ճապոնիայում 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ: Ուժգին երկրաշարժի հետևանքով ցունամի առաջացավ: Քիչ անց, հենց նույն շրջանում ևս մի քանի ուժգին երկրաշարժեր գրանցվեցին՝ 6,0 -ից բարձր մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվը 6000–ի է հասել։

Share |

Գովազդ