90 տարի առաջ այս օրը Թեհլերյանը վրեժ լուծեց
90 տարի առաջ հենց այս օրը` 1921թ-ի մարտի 15-ին, հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանեց Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից մեկին` Թալեաթ Փաշային:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը նշեց, որ Թեհլերյանի գործողությունը վրիժառություն էր Ցեղասպանությունն իրականացնողների հանդեպ: Նա նշեց, որ տարիներ շարունակ միայն հիշելուց, բողոքելոց հետո հայերի կողմից տարվող պայքարն այլ բնույթ է ստանում ու ստեղծվում է ազգային ազատագրական պայքար, որն արդեն վրիժառություն չէր:
Բայցևայնպես, եթե Նեմեսիս ցուցակի գործողությունները շարունակվեին, հայկական հարցն այժմ այլ մակարդակի վրա կլիներ, Հայոց ցեղասպանությունը ճանաչված կլիներ: Սակայն նա նշեց, որ Թուրքիայից միայն Հայոց ցեղասպանության ճանաչելը չի պահանջում, այլև պահանջում է վերադարձնել Արևմտյան Հայաստանը:
Ասուլիսին ներկա «1.5 մլն + 1 հայրենիք-սփյուռք մշակութային կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ավետիսյանն այս օրը տոն համարեց, քանի որ հենց այս օրը «ոչնչացվել է» թշնամիներից մեկը: Ըստ նրա, Թեհլերյանը շատ ճիշտ ձևով է ներկայացրել Հայոց վրեժը: Այսօր էլ, Ա. Ավետիսյանի խոսքով, հարկավոր է կարողանալ ժամանակին ու ճիշտ հակահարված տալ թշնամուն:
ՀԿ-ի նախագահը վերջում ավելացրեց, որ եթե ժամանակին միջազգային կառույցները ճանաչեին Հայոց ցեղասպանության փաստը, Թալեաթն ու մյուս դավաճանները չէին սպանվի, քանի որ վրիժառություն իրականացնելու կարիք չէր լինի: