Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարը ծանոթացավ Հայ Եկեղեցու հոգևոր արժեքներին

Տեղադրվել է5:06 PM

Մարտի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի միջև ձևավորված համագործակցությանը, ինչպես նաև համաժողովի ներդրած ջանքերին ի նպաստ Հայաստանի տնտեսական առաջընթացի և մրցակցային օրենսդրության բարելավման:
Այս առիթով Նորին Սրբությունը, ի դեմս ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարի, իր գնահատանքը հայտնեց միջազգային այն բոլոր կազմակերպություններին և ծրագրերին, որոնք զորակցում են Հայաստանի Հանրապետությանը՝ երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:
Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց նաև քրիստոնեական հավատի կարևոր դերակատարությունը հայոց կյանքում` վստահություն հայտնելով, որ մեր ժողովուրդն իրեն հատուկ խորը հավատքով, խոհեմությամբ, աշխատասիրության ու լավատեսության ոգով կհաղթահարի կյանքի բոլոր դժվարությունները:
Հանդիպումից հետո ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարն այցելեց նաև Մայր Աթոռի թանգարան, ծանոթացավ Հայ Եկեղեցու հոգևոր-եկեղեցական արժեքներին:

Share |

Գովազդ