Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Քրեական գործեր` Արմավիրի ընտրությունների դեպքերով

Տեղադրվել է2:17 AM

ՀՀ Արմավիրի մարզի դատախազի ցուցումներով 2011թ. մարտի 20-ին Արմավիրի քաղաքապետի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության տեղեկատվության համաձայն, 2011թ. մարտի 20-ին` ժամը 11.15-ին, Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Ա. Մարգարյանը հայտարարություն, այնուհետև` բացատրություն է տվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում այն մասին, որ իր աշխատանքային ընկերուհիներ Թ. Աբգարյանի և Ս. Մովսիսյանի հետ, վերջինիս ամուսնու եղբայր Տ. Ավետիսյանի ավտոմեքենայով, բնակելի թաղամասերից մեկի բակում սպասելիս են եղել իրենց մեկ այլ աշխատակցի: Այդ պահին 4-5 հատ սև գույնի «Ջիպ» ավտոմեքենաներ շրջապատել են իրենց ավտոմեքենան, դրանցից դուրս են եկել 7-8 անծանոթ մարդիկ, մոտեցել իրենց, մեղադրել «փող բաժանելու» մեջ, ստուգել պայուսակները, որից հետո, «բռնի ձևով ստիպելով, բղավելով, քաշելով» տարել վարորդ Տիգրանին: Իրենք փախել են, պատսպարվել մի անծանոթի տանը, այնուհետև դիմել ոստիկանություն: Հարձակվողները տարել են նաև Տիգրանի ավտոմեքենան:

Քննությամբ պարզվել է, որ Տ. Ավետիսյանին քաղաքապետի թեկնածու Ս.Մինասյանի նախընտրական շտաբ է տարել Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Ալեքսանյանը : Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով: Ա. Ալեքսանյանը նույն օրը ձերբակալվել է: Իսկ նախօրեին Ա. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նույն օրը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:

Բացիա յդ, տեղեկատվության համաձայն, մարտի 20-ին, ժամը 16.30-ին Է. Պապիյանցը հաղորդում է տվել ոստիկանության Արմավիրի բաժնում այն մասին, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում 2 անհայտ անձ իր անչափահաս որդի Ա. Պապիյանցին անծանոթ ավտոմեքենայով տարել են քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի նախընտրական շտաբ, որտեղ ծեծի են ենթարկել` «ընտրակաշառք բաժանելու պատճառով»: Ա. Պապիյանցը բացատրություն է տվել այն մասին, որ ժանը 13-ի սահմաններում փողոցում իր մոտ կանգել են 2 արտասահմանյան և 1 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Վերջինիս միջից դուրս են եկել 2 երիտասարդ, մոտեցել իրեն և մեղադրել քաղաքապետի թեկնածու Ռ. Խլղաթյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ, որից հետո իրեն առաջարկել են միասին գնալ շտաբ` պարզաբանելու: Շտաբում` 2-րդ հարկի սենյակներից մեկում, եղել է Ս. Մինասյանը 5-6 մարդկանց հետ: Իրեն կրկին մեղադրել են ընտրակաշառք բաժանելու մեջ, որն ինքը հերքել է: Մի երիտասարդ ապտակել է իրեն, բռնելով մազերից գլուխը հարվածել է սեղանին և բռունցքներով հարվածել մարմնի տարբեր մասերին: Մեկ այլ տղամարդ հայհոյել է իրեն: Քիչ անց իր մոտ է եկել մայրը, միասին դուրս են եկել, գնացել ոստիկանություն և հայտարարություն տվել կատարվածի մասին:
Փաստի առթիվ մարտի 21-ին Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ քրօրի 118 հոդվածով, կատարվում է նախաքննություն:

Կրկին մարտի 20-ին, քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի վստահված անձ Ս. Ցականյանը հայտարարություն է տվել ոստիկանության Արմավիրի բաժնում այն մասին, որ նույն օրը, ժամը 15-16-ի սահմաններում Արմավիրի 108 թաղամասում մի կնոջ մոտից «մեր պահանջով ներկայացվել է» 8 հատ քաղաքացու անձնագիր և խնդրել համապատասխան միջոցներ ձեռնարկել անձնագրերի պահպանման նպատակը պարզելու համար: Միաժամանակ Ս. Ցականյանը ներկայացրել է նշված անձնագրեր: Փաստի առթիվ սույն թվականի մախօրեին հարուցվել է քրեական գործ Քրօրի 324 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նշենք նաև, որ մարտի 21-ին, ժամը 13-ի սահմաններում Արմավիրի քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի մի խումբ համախոհներ շուրջ 50 ավտոմեքենաներով փակել են Երևան-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի Արմավիր քաղաքի մուտքի հատվածը, ցուցապաստառներով կանգնել փողոցի երթևեկելի մասերում, խաթարել տրանսպորտի և մարդկանց երթևեկությունը, ստեղծել խցանում 2 ուղղություններով ընթացող տրանսպորտային միջոցների համար և պահանջել անհապաղ բաց թողնել ձերբակալված Ա. Ալեքսանյանին:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ձերբակալվածին բաց թողնելու պահանջը ներկայացնել օրենքով սահմանված կարգով` իրավապահ մարմիններին դիմելու միջոցով: Փաստի առթիվ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրօրի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հարուցված քրեական գործերի նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության ապահովման նպատակով, Արմավիրի մարզի դատախազի կողմից հանձնարարվել է նախաքննական մարմնին ստուգման առարկա դարձնել նաև վերոնշյալ դեպքերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները և հաղորդումները:

Share |

Գովազդ