Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Տիգրան Փոստանջյանը վրեժխնդրության զոհ է»

Տեղադրվել է6:34 PM



«Ազատություն Տիգրանին», «ոչ քաղաքական պատանդներին», «ոչ ստալինյան օրենքներին», «լուծարել ներքին օգտագործման ԱԱԾ-ն», «37թ-ը չի կրկնվի» ` այս կոչերով ու ցուցապաստառներով Վերաքննիչ քրեական դատարանի առջև բաղոքի ակցիան սկսեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ընտանիքի անդամների հետ: Այդ պահին Տիգրան Փոստանջյանի գործով դատարանում ընթանում էր դռնփակ նիստ: Հայցը նրա կալանավորման որոշման դեմ էր:
Ի պաշտպանություն Տիգրանի` ընտանիքի անդամներին էին միացել այլ քաղաքացիներ, որոնք տեղեկացվել էին սոցիալական կայքերից:
Զարուհի Փոստանջյանը իր ելույթում նշեց, որ 10 տարի լինելով փաստաբան, բավականին լավ է ճանաչում Վերաքննիչ դատարանի դատավորներին, և որ նրանք պատասխան են տալու իրենց ապօրինի գործողությունների համար: Նա նշեց, որ յուրաքանչյուր դատավոր պետք է գիտակցի, որ ամեն անարդար դատական ակտի համար նրա նկատմամբ կսկսվի քրեական հետապնդում, և նա կնստի մեղադրյալի աթոռին:
«Գուցե այսօր ձեզ համար լավ մեկնարկ կլինի կայացնել օրենքով սահմանված որոշում, այլ ոչ թե ԱԱԾ-ի քննիչի կողմից ներկայացված միջնորդության բավարարում և բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգած պատվերների կատարում»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ այս ամենի ելքը պայմանավորված է իրենց ակտիվ գործունեությամբ:
Մի փոքր ուշ նրանց միացան «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
Ստեփան Սաֆարյանը իր ելույթում դատավորներին սթափության կոչ արեց, որ նրանք արդար դատավճիռ կայացնեն, չխեղեն մարդկանց կյանքը և որոշումներ կայացնեն քաղաքացիների շահերից:

«Զարուհու եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ կալանքի սանկցիա է ընտրվել, որպեսզի կեղծ ցուցմունքներով նրան ներքաշեն այդ այլանդակ ու արատավոր խաղի մեջ: Նա մանր, ճղճիմ վրեժխնդրության զոհ է, և պատասխան են տալու բոլորը, քանի դեռ նա չի հայտնվել ազատության մեջ»,-ավելացրեց պատգամավորը: 

Նշենք, որ փետրվարի 23-ին ապօրինի վարձատրություն ստանալու մեղադրանքով ձերբակալված Տիգրան Փոստանջյանի գործով հայտարարված է նախաքննության ավարտ, այս պահին գործը ծանոթացման փուլում է, իսկ նրա ընտանիքի անդամներին թույլ չեն տալիս տեսակցել նրան:

Share |

Գովազդ