Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Երկիր». Բայց մեր Սփյուռքի նախարարությունն «էշի ականջում քնած էր»

Տեղադրվել է2:35 AM

Մի երկու ամիս առաջ Ռուսաստանի մի «հանճար», մի «հրաշամանուկ» էր հայրենի Գավառ եկել։ Նրա՝ աստղաֆիկիայի և տիեզերեգնացության ոլորտում «հաջողությունների» մասին հենց ինքն էլ տեսախցիկի առջև պատմել էր «Հայլուրի» թղթակցին։ Որոշ ժամանակ անց տեսանյութերը հայտնվեցին YouTube-ում, և հրաշամանուկ Արթուր Պողոսյանի փառքն աշխարհով մեկ եղավ։ «Ես երազում տեսել եմ իտալյանսկի աստղագետ Գալիլեյո Գալիլեյին, և ինքն ինձ ասեց՝ ես դու եմ, դու ես ես։ Այսինքն՝ իր հոգին իմ մեջ է»,– քսանամյա Արթուրի պատմելով Օկտյաբրսկ քաղաքի 12–րդ միջնակարգ դպրոցն իր անունով են կոչել, երբ ինքը 15 տարեկանում հայտնաբերել է նոր աստղ, որը գտնվում է «Օրիոնի և Մեծ Արջի մեջտեղը, արևից 250 միլիոն լուսական տարի հեռավորությամբ»։
Իսկ դպրոցը թռիչքներով ավարտելուց հետո, հրաշամանուկը, իբրև թե Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որն էլ ավարտում է 3 տարում։ Սա էլ դեռ ոչինչ՝ ստանում է, իր ասելով, «доктор медицинсих наук по космонавтики и аэронавтики»:
Մյուս լուրջ հաջողությունը տղայի այն է, որ 2007թ. «պայմանագիր է կնքել» NASA-ի հետ՝ 2016թ. տիեզերք թռչելու վերաբերյալ։ Տղան նույնիսկ մի քանի «հյուտի» (գյուտի) հեղինակ է։ Հերքել է Նյուտոնին. «Իմ հյուտն է նաև, որ Նյուտընը ճիշտ չէ, որովհետև լուսի սկորըստը 300 հազար կմ/սկեունդ չէ, այսինքն՝ 500 հազար է։ Ես գիտեմ, որ ես կստանամ նոբելսկի պրեմյա, որովհետև Նյուտընին ճիշտ չեմ համարում»։
Չէ, բայց տղան անձնական հաջողություններով չի բավարավելու, նա մտահոգ է Հայաստանի ճակատագրով և նպատակ ունի աջակցել Ցեղասպանության ճանաչմանը. «Եթե Թուրքիան Ցեղասպանությունը պրիզնատ կգա, Հայաստանը обретет покой»։
Այսինքն, հետո թերևս մեկնաբանությունների կարիքը շատ էլ չկա։ Պարզից էլ պարզ է, որ տղան կամ հոգեկան խնդիրներ ունի, կամ էլ անմիտ արկածախնդրի մեկն է։
Բայց նրանցից անմիտ կամ պարզամիտն են մեր որոշ գերատեսչությունների ղեկավարները, ովքեր լուրջ են ընդունել նրա զվարճալի և անգրագետ ելույթները։ Այսպիսով, Արթուր Պողոսյանը, որքան էլ ծիծաղաշարժ է իր կերպարով, սակայն չի գիտակցում, որ փաստաթղթեր կեղծելն ու դրանցով մարդկանց խաբելը քրեորեն պատժելի հանցանք է։ Օրինակ, NASA-ի և Բոստոնի համալսարանի կողմից տրված փաստաթղթերում լատինատառ ռուսերեն բառեր կան (ամսաթվի կողքին գրված է «goda»)։ Նրա հագուստն էլ, որով պատրաստվում է տիեզերք թռչել, ընդամենը երկաթուղու մեքենավարի համազգեստ է։
Առանձին չենք կարող անդրադառնալ նրա զավեշտալի բոլոր արտահայտություններին՝ տեղի բացակայության պատճառով, սակայն նշենք, որ «доктор медицинсих наук по космонавтики и аэронавтики» կոչումը նախ սխալ ռուսերենով է ասված, հետո էլ բժշկագիտության հետ որևէ կապ ունենալ չեն կարող տիեզերագնացությունն ու օդապարիկների ղեկավարման մասնագիտությունը։
Մյուս դիտարկումն այն է, որ լույսի արագությունը ոչ թե 500 հազար, այլ 300 հազար կմ/վյրկ է, իսկ Նյուտոնն առհասարակ որևէ կապ չունի լույսի արագության հետ։ Այսքանից հետո կարելի է եզրակացնել մի բան. տղան ոչ միայն գիտնական չէ, այլև նրա միջնակարգ կրթության մակարդակն էլ թերի է։ Չէ, դա ոչինչ, ինչպես ասում են, ամեն մարդ էլ սովորելու տեղ ունի։ Նույնիսկ կարելի է աչք փակել այն բանի վրա, որ իր զվարճալի ստերով փորձում է «աշխարհը նվաճել»։ Դե հիմա մտածում ես՝ մարդ է էլի, մի քիչ ցնդած կամ էլ հումորի լավ զգացումով դեմք է, մարդկանց զվարճացնում է, բայց որ նրա զավեշտը լուրջ են ընդունում, այ դա…
Երկու ամիս շարունակ սոցիալական ցանցերում շրջանառվում էին նրա մասին տեսանյութերը, Արթուր Պողոսյանից մեջբերումներ էին արվում, բայց մեր Սփյուռքի նախարարությունն «էշի ականջում քնած էր», թե չէ նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 3–ին չէր հյուրընկալի նրան, չէր լսի տղայի բարբաջանքները, հպարտանա ու դեռ լրատվամիջոցներով էլ հաղորդագրություն տարածի դրա մասին։ Ի դեպ, նույն լուրը դրված էր հենց նախարարության ինտերնետային կայքում, որը մեծ աղմուկից որոշ ժամանակ անց հանվեց։ Երևի ամաչել էին իրենց արածի համար։ Սփյուռքի նախարարության կողմից որևէ պատասխան ստանալու համար, զանգահարեցինք Հրանուշ Հակոբյանին, սակայն նա չէր պատասխանում, իսկ նրա օգնական Մարիանան նախ հետաքրքրվեց, թե որտեղից ենք իր համարն իմացել, հետո էլ, թե աշխատանքային օր չէ, և մեր հարցերին ամսի 9–ին կպատասխանեն։
Ինչևիցե, այսօր մարտի 8–ն է, շնորհավորում ենք Հրանուշ Հակոբյանին և Սփյուռքի նախարարության բոլոր կին աշխատակիցներին և ցանկանում ողջամտություն և զավեշտալին իրականությունից տարբերելու կարողություն։

Share |

Գովազդ