Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Բժշկին անհանգսատցնում է Ռ. Հովհաննիսյանի առողջական վիճակը

Տեղադրվել է8:45 PM

Արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին զննող բժիշկը մտահոգված է նրա առողջական վիճակով: Երեքշաբթի օրը հերթական զննումն անցկացնելուց հետո 4-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Թինա Մալխասյանը հորդորել է նրան դադարեցնել հացադուլը:

Հովհաննիսյանի հացադուլը սկսելու հաջորդ օրվանից ամեն օր զննում է նրան:
Բժշկուհին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Հովհաննիսյանը ճնշման տատանումներ ունի` օրվա որոշ ժամերին նրա ճնշումը իջնում է: Բժշկուհուն մտահոգում է նաեւ այն, որ Հովհաննիսյանը սկսել է ավելի քիչ ջուր խմել:
«Դա եւս վտանգավոր է, պետք է օրական 2-3 լիտր հեղուկ օգտագործի, քանի որ բացի ջրից ուրիշ ոչինչ չի ընդունում», - ասաց Մալխասյանը` հավելելով, որ հացադուլը շարունակելու դեպքում «Ժառանգության» առաջնորդի մոտ կարող են խնդիրներ առաջանալ լյարդի, երիկամների, տեսողության հետ. - «Չնայած նման նշաններ դեռ չկան, բայց վտանգը մեծանում է», - հավելեց նա:

Ըստ բժշկուհու` հացադուլ անող մարդը միայն առաջին 4 օրերի ընթացքում է սով զգում, այսինքն Հովհաննիսյանը այլեւս սովի զգացողություն չունի:

Րաֆֆի Հովհաննիսյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե կշարունակի իր ամենօրյա հանդիպումները բժշկի հետ:

«Եվ եթե երբեւէ առողջության խնդիրը դառնա կրիտիկական, ես, իհարկե, կվերանայեմ: Բայց ներկա դրությամբ ամեն ինչ կայուն է, 15-րդ օրն ենք մտնում եւ բացառությամբ մորուքիս սպիտակներից, ամեն ինչ անփոփոխ է: Կշարունակեմ [հացադուլը], քանի դեռ իմ կամքը ներում է, եւ ես իմ որոշումը կկայացնեմ, ոչ թե ուրիշ մարդ` լինի աշխարհիկ, թե հոգեւորական: Երբ այդ պահը հնչի, տեղյակ կլինեք, ես կկիսվեմ իմ համաքաղաքացիների հետ», - ասաց Հովհաննիսյանը:

Share |

Գովազդ