Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Հայոց աշխարհ». Նավասարդ Կճոյանը «Բենթլի»-ից բացի նաեւ զենք ունի

Տեղադրվել է11:10 AM

Թերթն անդրադարձել է արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի շուրջ վերջին շրջանում ընթացող զարգացումներին: Հոդվածը ձեզ ենք ներկայացնում մասնակի կրճատումներով:

«Երեկվա լրահոսում բացարձակապես ոչ մի տեղեկություն չկար այն մասին, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վաճառել է իր «Բենթլին», իսկ գործարքից գոյացած հասույթն էլ նվիրաբերել որեւէ մանկատան, ծերանոցի կամ հատկացրել որեւէ դպրոցի, եկեղեցու վերանորոգման համար։

Չկար նման տեղեկություն։ Հետեւաբար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը դեռ հանգիստ ու միգուցե երանությամբ օգտվում է դույն «Բենթլի» ավտոմեքենայից։ Փաստ, որ այս օրերին ակտիվորեն քննարկվում է մամուլում։

Փոխարենը երեկ մեկ այլ փաստ հայտնի դարձավ։ Հետաքննող լրագրողները պարզել են, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նաեւ զենք ունի. վարչապետից նվեր ստացած մարտական ատրճանակ (հրազեն), որ պահում է չհրկիզվող պահարանում։ Ըստ հրապարակման, Արարատյան Հայրապետական թեմից, նախ, ասել են, թե ոչ մի զենք էլ չկա, բայց հետո, երբ ներկայացվել են հակառակի մասին վկայող փաստաթղթեր, ընդունել են այդ տարօրինակ «պարգեւի» գոյության փաստը։

Ի դեպ, նույն Նավասարդ արքեպիսկոպոսը, արձագանքելով «Բենթլիի» վերաբերյալ հրապարակումներին, հայտարարել էր, թե այդ մեքենան իր սանիկներից մեկն է նվիրել։

Վատ չէ՝ վարչապետն ատրճանակ է նվիրել, սանիկը՝ «Բենթլի»։ Շատ զորավոր սանիկ է, ի դեպ, այդ նվիրատվություն անողը, պետք է նկատել, որովհետեւ նշված մակնիշի մեքենան՝ «Բենթլին» ոչ թե փոխադրամիջոց է, այլ շքեղություն։ Ավելին՝ այն զեխության, ցոփության ու շվայտության յուրօրինակ խորհրդանիշ է համարվում։ Խորհրդանիշ, որով իրենց վիճակն ու «հնարավորությունները» սիրում են ցուցադրել օլիգարխները կամ մաֆիայի «կնքահայրերը»։

Իսկ ի՞նչ է ուզում իր «Բենթլիով» ընդգծել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Վախենանք, դա Աստծուն էլ է անհայտ։

…Ոմանք, ի դեպ, այս առնչությամբ եղած քննադատական այլ հրապարակումներին արձագանքելով՝ նշում են, թե այդպիսով իբր մամուլը նպաստում է «աղանդավորների տարածմանը»։ Ավելի անհեթեթ ու դեմագոգիկ դատողություն անհնար էր հորինել։ Եվ այդ «դիտարկման» առնչությամբ ընդամենը մեկ հակադարձ դիտարկում կարելի է անել. «բենթլիներով» աչքի ընկնող անգամ մեկ հոգեւորականի անժուժկալ վարքը տասն անգամ ավելի շատ է նպաստում քայքայիչ աղանդների տարածմանը, քան աղանդավորական 100 հոգեորսիչ ֆանատիկ։

Այսինքն՝ եթե այդպիսի անժուժկալ հոգեւոր հայրեր լինեն, ոչ մի աղանդավոր էլ պետք չէ մարդկանց Հայ Առաքելական եկեղեցուց վանելու համար»։

Share |

Գովազդ