Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Սումգայիթը կազմակերպել է Հեյդար Ալիևը. «Ազգ»

Տեղադրվել է11:01 AM

Սումգայիթը կազմակեպել են Միխայիլ Գորբաչովն ու ՊԱԿ-ը», հայտարարել է Իլհամ Ալիեւի աշխատակազմը: Այսինքն` հենց ինքը: Նման կտրուկ «կոնստատացիա», այն էլ պետական ամենաբարձր մակարդակով, հնչեցվում է առաջին անգամ:
Մենք, իհարկե, Միխայիլ Գորբաչովի եւ խորհրդային ՊԱԿ-ի դատապաշտպան չենք ուզում լինել: Պարզապես հարցնենք. «Ո՞ւմ էր պետք Սումգայիթը»: Գորբաչովի՞ն: Ինչո՞ւ: Հանուն ինչի՞: Տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Բովանդակ Խորհրդային Միությունում միայն մի մարդու կարող էր ձեռնտու լինել Ադրբեջանում անկայունությունը: Քաոսը: Դա Հեյդար Ալիեւն էր:
Դարձյալ հարցնենք` ինչո՞ւ: Եվ փորձենք պատասխանել:
1987 թ. մայիսին Ալիեւը «սրտամկանի տարածուն կաթված» ախտորոշմամբ աշխատավայրից տեղափոխվում է կրեմլյան կենտրոնական հիվանդանոց: Նախօրեին քաղբյուրոյի նիստում Գորբաչովը խիստ քննադատել էր նրան` ԲԱՄ-ի շինարարության տեղապտույտի եւ չափազանց խոշոր գումարներ վատնելու համար:
Հազիվ ուշքի գալովՙ Ալիեւը փորձում է ընդօրինակել Յուրի Անդրոպովին` հիվանդասենյակից կառավարել: Սակայն առողջապահության նախարար Չազովը նրան հասկացնում է, որ «խաղեր տալու» ժամանակն սպառված է: Դա Ալի-եւի վերջի սկիզբն էր: Նույն տարվա նոյեմբերին նա գրում է հրաժարականի դիմում:
Լրագրող Էլմիրա Ախունդովային Ալիեւի դուստրը` Սեւիլը, մանրամասնություններ է պատմել «նահապետի» այդ ժամանակաշրջանի ապրումներից: Ըստ այդմ, Ալիեւն իր ձեռքով ոչնչացրել է անձնական արխիվի մի զգալի մասը: Այդ ընթացքում, քանի դեռ ապրել է կառավարական ամառանոցում, Ալիեւին մի քանի անգամ այցելել է Ադրբեջանի առաջնորդ Քյամրան Բաղիրովը: Ի՞նչ են նրանք քննարկել` Սեւիլ Ալիեւան, բնականաբար, չի ասում:
Ակնհայտ է, սակայն, որ 1987-ի տարեվերջին Հեյդար Ալիեւը Մոսկվայում անկյուն էր քշված: Եվ սարսափով սպասում էր իրադարձությունների հետագա ընթացքին: Մեկ անգամ նա փորձ է անում «դուրս պրծնել» եւ մեկնել Բաքու: Գորբաչովն օգնականներից մեկի միջոցով խորհուրդ է տալիս «անմտություն չանել»:
Եվ հանկարծ սկսվում է Ղարաբաղյան շարժումը, որի գոնե հրապարակային դրսեւորումները սուր ծայրով ուղղված էին նաեւ Հեյդար Ալիեւի դեմ:
Ղարաբաղյան շարժմանն Ալիեւը քաջածանոթ էր 1960-ականներից: Նա Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահն էր, երբ Ստեփանակերտում կազմակերպվեց հայտնի սադրանքը` կապված մանկապիղծ ու մարդասպան Արշադ Մամեդովի «բաց դատավարության» հետ: Այդ միջադեպից հետո հարյուրավոր մարդիկ հայտնվեցին ադրբեջանական ՊԱԿ-ի զնդաններում: Մի քանի հոգի դատապարտվեցին պատժի առավելագույն չափի կամ երկարաժամկետ բանտարգելության: ԼՂԻՄ-ում եւ Ադրբեջանի տարբեր քաղաքներում սպանվեցին հայազգի քաղաքացիներ: Գրեթե խզվեց ԼՂԻՄ-ի հաղորդակցությունը հարակից ադրբեջանական շրջանների հետ: Հայ մտավորականությունը ԼՂԻՄ-ում ենթարկվեց հալածանքների: Մի մասն ստիպված էր հեռանալ: Ալիեւն անձամբ է խոստովանել, որ 1977 թ., երբ քննարկման էր դրվել ԽՍՀՄ նոր սահմանադրության նախագիծը, ԼՂԻՄ-ից հազարավոր նամակներ են ստացվել: Առաջարկություն կար, որ այդ հարցով ստեղծվի քաղբյուրոյի հատուկ հանձնաժողով, սակայն իրեն հաջողվել է Բրեժնեւին համոզել, որ դրա կարիքը չկա: Ի վերջո, բոլոր ժամանակակիցների վկայությամբ, Ալիեւն անձամբ է խմբագրել ԼՂ մարզկոմի 1975 թ. մարտյան պլենումում Կեւորկովի զեկուցումը:
Նոր իրավիճակում Ղարաբաղյան շարժումը լրացուցիչ բարդություններ Ալիեւի համար, անկասկած, ստեղծելու էր: Լինելով փորձառու գործիչ, նա, ըստ երեւույթին, հասկանում էր, որ իրավիճակը լիցքաթափելու համար Մոսկվան իրեն կարող է դարձնել «քավության նոխազ»: Ուշագրավ է, որ Գորբաչովը դեռ չէր էլ հասցրել փոխել Ադրբեջանի կուսակցական եւ պետական վերնախավը, որը հիմնականում ձեւավորվել էր Ալիեւին հավատարիմ մարդկանցից:
Սեւիլ Ալիեւան հիշել է նամակների եւ հեռագրերի այն հոսքը, որ Ադրբեջանից Ալիեւն էր ստացել պաշտոնանկությունից հետո: Մենք, բնականաբար, առաջնորդվում ենք բացառապես ըստ տրամաբանության. Ադրբեջանում որեւէ արտառոց դեպք, պատահար, անկայունություն կարո՞ղ էր Գորբաչովի ուշադրությունը շեղել Ալիեւից: Կարո՞ղ էր գլխավորի համար լինել խիստ նախազգուշացում, որ «Ալիեւի հետ խաղալ այդքան էլ հեշտ չէ»: Կարող էր: Սա ակնհայտ է: Մանավանդ որ Սեւիլ Ալիեւան հիշում է «նահապետի» խոսքը. «Ես այդքան հեշտ չեմ հանձնվի», որ նա ասել է պաշտոնանկությունից հետո:
Կա՞ն տրամաբանական հիմքեր, եզրահանգելու համար, որ Սումգայիթը կազմակերպել է Հեյդար Ալիեւը:
Առաջին. որպես ՊԱԿ-ի գեներալ եւ Անդրոպովի հովանավորյալ, Ալիեւն, անկասկած, այդ հաստատությունում կապեր ուներ:
Երկրորդ. 1988 թ. փետրվարի 20-ի գիշերը, հեռանալով Ստեփանակերտից, Ադրբեջանի ղեկավար Քյամրան Բաղիրովն Աղդամում անցկացրել է ԼՂԻՄ հարակից շրջանների ղեկավարների արտակարգ խորհրդակցություն: Մեկ օր անց բազմահազարանոց ամբոխն Աղդամից գրոհել է Ասկերանի ուղղությամբ: Երկու ադրբեջանցի, որոնցից առնվազն մեկը` ՆԳ Աղդամի շրջբաժնի աշխատակցի գնդակից, զոհվել է: Պետք է ենթադրել, որ կազմակերպված է եղել թափել «մեծ արյուն»:
Երրորդ. ինչո՞ւ, ասենք, Վարդենիսից, որ դարձյալ սահմանակից եւ խառը բնակչություն ունեցող շրջան էր, «փախստականներ» չհասան Բաքու, իսկ Կապանից կամ Մեղրիից «հասան»: Բաքվի քաղկոմի քարտուղար Ֆուադ Մուսաեւը, խոսելով այդ «փախստականների» մասին, ասել է, որ նրանց հարցերով զբաղվել է Ապշերոնի շրջկոմի առաջին քարտուղարը, եւ հատուկ ընդգծել` «Ալիեւի կադրերից»: Ինչպե՞ս հասկանալ այս ակնարկը, եթե ոչ, որ «Ալիեւի մարդը կատարել է Ալիեւի հանձնարարականը»:
Չորրորդ. նույն Մուսաեւը հիշել է, որ այդ օրերին ինքը եւ Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Մուսլիմզադեն արձակուրդն անցկացնում էին Ժելեզնովոդսկում: Ի պատասխան արձակուրդն ընդհատելու եւ վերադառնալու` Բաքվից տրված հրահանգի, Մուսլիմզադեն ասել է. «Իմ քաղաքի համար ես հանգիստ եմ», եւ չի կատարել կենտկոմի հանձնարարականը:
Մուսլիմզադեն Ալիեւի աճեցրած գործիչներից էր: Նախկինում նա գլխավորել էր Ադր. ԼԿԵՄ կենտկոմը: Բացի դրանիցՙ Մուսլիմզադեն համարվում էր Քյամրան Բաղիրովի ամենահավանական փոխանորդը: Բացառելի չէ, որ նա արձակուրդը չի ընդհատել եւ ժամանակին Սումգայիթ չի վերադարձել ինչ-որ մեկի թելադրանքով:
Հինգերորդ. քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն վկայում է, որ Սումգայիթի «հանրահավաքում», որն, ի դեպ, գլխավորել է փետրվարի 25-ին վերջապես «իր քաղաք» հասած Մուսլիմզադեն, «մահ հայերին» կոչը հնչեցրել է քաղաքի դպրոցներից մեկի տնօրեն, բանաստեղծի համարում ունեցող Խըդըր Ալոեւը: Ալիզադեն պատմում է, որ արդեն անկախ Ադրբեջանի նախագահի կարգավիճակով առաջին անգամ Սումգայիթ այցելած Հեյդար Ալիեւը դիմավորողների մեջ փնտրել է նրան` «իսկ ու՞ր է մեր Խըդըրը»: Նրանք ջերմ գրկախառնվել են: Ալոեւը հետագայում դարձել է Հեյդար Ալիեւի հիմնադրած «Ենի Ազարբայջան» կառավարող կուսակցության Սումգայիթի տարածքային կառույցի ղեկավար, նշանակվել փոխքաղաքապետ, ընտրվել Միլլի մեջլիսի պատգամավոր:
«Մահ հայերին» կոչ հնչեցրած մարդուն նման պատիվների Ալիեւն ինչո՞ւ պիտի արժանացներ, ինչո՞ւ պիտի նրան կոչեր «մեր Խըդըր»: Ըստ Զարդուշտ Ալիզադեի, Խըդըր Ալոեւը «Հայաստանից տեղափոխված քուրդ է»: Նույն բնութագիրը Ֆուադ Մուսաեւը տվել է Ապշերոնի շրջկոմի առաջին քարտուղարին, որը կազմակերպել է «կապանցի փախստականների» շրջագայությունը Բաքվի ուսանողական եւ բանվորական հանրակացարաններ, իսկ երբ հանդիպել է քաղկոմի քարտուղարի հակազդեցությանը, «դեսանտը» տեղափոխել է Սումգայիթ:
Եւս մեկ ուշագրավ փաստ. ջարդերի նախօրյակին Սումգայիթ է այցելել Քյամրան Բաղիրովը: Որեւէ քայլ նա չի կատարել` կանխելու հասունացող աղետը: Ընդհակառակը, Բաղիրովն ավելի է սրել իրավիճակը, երբ «բանվորների» հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մոսկվայում «հայերի դիրքերն ամուր են»: Նա ակնհայտորեն ակնարկել է Ալիեւի պաշտոնանակությամբ ԽՍՀՄ իշխանության բարձրագույն ատյաններում ադրբեջանական կողմի թուլացումը:
Անդրեյ Կարաուլովին տված հարցազրույցում Հեյդար Ալիեւը խոստովանել է, որ Բաքվի 1990 թ. հունվարյան դեպքերի օրերին իրեն զանգել է Գորբաչովը եւ պահանջել, որ «այնտեղից հեռացնի իր մարկանց»:
Սա վկայությունն է այն իրողության, որ Գորբաչովն Ալիեւին փաստորեն մեղադրել է Ադրբեջանում անկարգություններ հրահրելու մեջ: Ըստ էության, Ալիեւն ինքն էլ դեմ չէր, որ այդ մասին իմանար նաեւ հանրությունը: Հակառակ դեպքում նա Գորբաչովի զանգի մասին բացահայտ չէր խոսի:
Բաքվի եւ Սումգայիթի դեպքերը ծավալվել են նույն սցենարով: Նույնն է նաեւ դրանց վերաբերյալ Ադրբեջանում այսօր իշխող «մեկնաբանությունը»: Երկու դեպքում էլ փորձ է արվում պատասխանատվությունը բարդել «հայ սադրիչների» եւ ՊԱԿ-ի ու Գորբաչովի վրա:
Բայց եթե դրանցից մեկի` Բաքվի դեպքում Գորբաչովն ըստ էության պատասխանատվության է «կանչել» Հեյդար Ալիեւին, ապա ինչո՞ւ չենթադրել, որ առաջինը նույնպես կազմակերպվել է նրա «ռեժիսուրայով»: Կրկնում ենք` Ադրբեջանում իրավիճակի ապակայունացմամբ այդ պահին կարող էր շահագրգռված լինել միայն Հեյդար Ալիեւը, որին հեռացրել էին պաշտոնից եւ որի նկատմամբ Գորբաչովը պատրաստվում էր «հրապարակային դատ» կազմակերպել` որպես լճացման տարիների խորհրդային իրականության ամենակոռումպացված ղեկավարներից մեկի:
Պատահակա՞ն է, արդյոք, որ արդեն 1990 թ. գարնանը Հեյդար Ալիեւը նույն Կարաուլովին տված հարցազրույցում բացահայտ խոսում էր միութենական հանրապետություններին կատարյալ անջատվելու իրավունք տալու անհրաժեշտության մասին: Ո՛չ: Նա գիտեր, որ իր փրկությունն Ադրբեջանի անկախացման մեջ է: Նա արդեն նախապատրաստվում էր երկրորդ «հայտնության», որը չուշացավ:
HayNews.am

Share |

Գովազդ