Հայ երկու Արթուրները ահաբեկել են Քենիան. Wikileaks
AllAfrica.com կայքում հրապարակվել է Wikileaks-ի հերթական փաստաթղթերից մեկը, որտեղ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում աշխատող դիվանագետ Վիլյամ Բելամին պատմում է ոմն Արթուր եղբայրների մասին, որոնք մեծ ազդեցություն ունեն այդ երկրում: Արթուրները` Արթուր Մարգարյանը և Արթուր Սարգսյանը, ըստ դիվանագետի, լուրջ կապեր ունեն այդ երկրի կառավարության հետ:
«Շատ հետաքրքիր մարդիկ են, իրոք: Կարծես նրանք իրենց ուզածին հասնում են իրենց հատուկ ոճով»,- ասել է Քենիայի խորհրդարանի խոսնակ Ֆրենսիս օլե Կապարոն 2006 թ. հունիսին, երբ խորհրդարանում թույլատրվել են քննարկումներ` նվիրված «Արթուր եղբայրներին»:
Ամերիկյան դիվանագիտական փաստաթղթում նշվում է, որ Արթուրները կապված են թմրանյութերի վաճառքով զբաղվող սինդիկատի հետ: Արթուրներին այստեղ են բերել մարդիկ, որոնք սերտ կապեր ունեն կառավարության հետ: Պաշտոնյաները օգտագործել են նաև իրենց կապերը, իսկ նրանցից մեկին էլ շնորհել են ոստիկանության կոմիսարի օգնականի պաշտոն:
«Օտարերկրյա զինված անձանց ներկայությունը Քենիայում շատ անհանգստացրել էր քենիացիներին»,- գրում է ամերիկյան դիվանագետը:
Քենիայի գլխավոր դատախազության նախկին մի պաշտոնյա նշել է, թե ինքը հավատացած է, որ «Արթուր եղբայրներին» 2005 թ. դեկտեմբերին Քենիա են բերել քաղաքական մի գործիչ, կառավարության պաշտոնյան և հետախուզության աշխատակիցը: Նրանց տեղավորել են 5-աստղանի մի հյուրանոցում, որը գտնվում է մայրաքաղաք Ռուանդայում, ապա տեղափոխել Ռունդա քաղաք: Նրանց ժամանումը համընկել է մի շատ կարևոր հետաքննության հետ, որը վերաբերում էր Ակաշա ընտանիքի կողմից կոկաինի ներկրման հետ:
Ոմանք կարծիք են հայտնել, որ այս օտարերկրացիները կապ են ունեցել Ակաշա ընտանիքի վերոնշյալ հանցագործության հետ և հիմա վերադարձել են Նայրոբի, որպեսզի ճնշում գործադրեն այն մարդկանց վրա, ովքեր կառավարության դեմ կարող են այնպիսի տեղեկություններ հրապարկել, որոնք կհանգեցնեն կառավարության հրաժարականին: