Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ հայը դառնում է պետական պաշտոնյա

Տեղադրվել է11:07 AM

Երկու տարի սպասումներից հետո Թուրքիայի Պետական խորհուրդը (Բարձրագույն վճռաբեկ ատյան) ի վերջո կայացրել է որոշում, որի համաձայն՝ Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացի Լեո Սուրեն Հալեպլին կարող է աշխատել Թուրքիայի պետական ապարատում։

Հայտարարել է ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը` նշելով. «Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ հայը դառնում է պետական պաշտոնյա»։

Hurriyet օրաթերթը, մեկնաբանելով Պետական խորհրդի որոշումը, գրում է, որ դա Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տեղի ունեցող արմատական փոփոխությունների վկայությունն է ու ավելացնում է, որ «այլևս ազգային փոքրամասնությունները Թուրքիայում ոչ մահմեդականներ չեն կոչվելու։ Ազգությամբ հայ քաղաքացու՝ պետական ապարատում աշխատելը շատ կարևոր զարգացում է։ Մինչև հիմա հայ և հույն քաղաքացիները որևէ պաշտոն չէին կարողանում զբաղեցնել, չէին կարողանում սպա դառնալ։ Իսկ այդ խտրականությունը վնասում էր արտերկրում Թուրքիայի հեղինակությունը»։

«Թուրքիայի Հանրապետությունն իր պատմության 88 տարիների ընթացքում առաջին անգամ ազգությամբ հայ քաղաքացուն դարձնում է պետական պաշտոնյա։ Ինչևէ, եթե անգամ մի փոքր ուշացումով է դա արվում, մի՞թե չի կարելի ասել, որ Թուրքիան բռնել է կարգավորման ուղին»,– այս մասին էլ գրում է թուրքական Sabah օրաթերթը։

2009-ին պոլսահայ Լեո Սուրեն Հալեպլին գերազանց հանձնել էր Թուրքիայի կառավարությանը կից Եվրամիության հետ հարաբերությունների հարցերով գլխավոր քարտուղարությունում պաշտոն զբաղեցնելու համար նախատեսված բոլոր քննությունները։ Սակայն Անկարայի վարչական դատարանը, բավարարելով այդ պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկի հայցադիմումը, ով չէր համաձայնել քննության արդյունքների հետ, որոշում էր կայացրել կրկնակի քննությունների անցկացման մասին՝ չեղյալ հայտարարելով նախորդ քննության արդյունքները։ Իսկ ԵՄ հարցերով քարտուղարությունն էլ բողոքարկել էր Անկարայի վարչական դատարանի որոշումը Պետական խորհրդում։

Լեո Սուրեն Հալեպլին Ռոբեր քոլեջի և Endicott համալսարանի շջանավարտ է։ Դոկտորական աստիճանն ստացել է Լոնդոնի տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 30-ամյա Հալեպլին տիրապետում է հինգ լեզվի:

Share |

Գովազդ