Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Այսօր կկայանա առաջին համատեղ հայ-ռուսական «Կուկարաչա» 3D ֆիլմի շնորհանդեսը

Տեղադրվել է4:43 PM

 Այսօր ժամը 20։00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա առաջին հայ-ռուսական համատեղ լիարժեք եռաչափ ֆիլմի (3D)՝ «Կուկարաչա»-ի շնորհանդեսը։ Ֆիլմը ստեղծվել է «TouchFX» անիմացիոն ստուդիայի և «Paradise» ընկերության կողմից։
«Կուկարաչա»-ի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 4 տարի։ Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Մոսկվայում մարտի 24-ին և մեկ շաբաթվա ընթացքում արդեն 1 միլիոն դոլարի շահույթ է բերել։ Իսկ ընդհանուր Ֆիլմի ստեղծման աշխատանքների վրա ծախսվել է 4,5 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացրեցին լրագրողներին այսօր հրավիրված ասուլիսում «TouchFX» անիմացիոն ստուդիայի տնօրեն և ֆիլմի պրոդյուսեր Վահե Սարգսյանը և «TouchFX»-ի տեխնիկական տնօրեն Վարդան Կարապետյանը։
«Սա առաջին լիարժեք 3D ֆիլմն է, այն իր մեջ ներառում է եռաչափ ֆիլմերի բոլոր տեխնիկական ատրիբուտները։ Երբ մենք նոր սկսեցինք աշխատել ֆիլմի վրա, շատերը թերահավատ էին այն առումով, թե կկարողանանք արդյոք այն ավարտին հասցնել»,- ասաց Վահե Սարգսյանը։
«Կուկարաչա» ֆիլմը խավարասերների մասին է։ Այն սիրո, ընկերության և հաղթանակի մասին է։ Ինչպես նշեց Վահե Սարգսյանը, ֆիլմը ցույց է տալիս, որ անգամ խավարասերները կարող են բարի լինել և պարտադիր չէ մարդու մասին դատել միայն արտաքինից։ Կուկարաչա անվանումը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «խարտյաշ խավարասեր»։
«Ինչպես ասում են ամենադժվարը սկսելն է։ Իրականում Հայաստանում կա լուրջ պոտենցիալ, լավ երիտասարդ մասնագետներ։ Հայաստանում կինոն նոր է շունչ առնում»,- ավելացրեց Վահե Սարգսյանը։
«Կուկարաչա» առաջին հայ-ռուսական համատեղ 3D Ֆիլմի տևողությունն է 77 րոպե, կինոթատրոններում այն կցուցադրվի 3 շաբաթ։ Տոմսերի գինը կլինի 1000-2000 դրամ։

Share |

Գովազդ