«Նորարար»-ի նախագահը պետությանը պատճառել է շուրջ 12 մլն դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, տեղեկացնում են գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի` 2010թ. նոյեմբերին ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Նորարար» արտադրական կոոպերատիվի նախագահ Ա. Վարդանյանը կոոպերատիվի գործունեությունից առաջացած և փորձագետների` 2009թ. մարտի 11-ի թիվ 08-1431 եզրակացությամբ և դատավճռով հաստատված 11 847 905 հարկային պարտավորությունը չի կատարել:
Մասնավորապես` Ա. Վարդանյանը կոոպերատիվի անդամների կողմից հարկային պարտավորությունները կատարելու պարտականությունից ազատելու նպատակով, կոոպերատիվը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմավորելու միջոցով և հաշվի առնելով, որ վերջինիս հիմնադիրներն ու մասնակիցները պատասխանատվություն չեն կրի իրավահաջորդ կազմակերպության պարտավորությունների համար` 2009թ. հունիսի 25-ից մինչև հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում կազմել և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` Արաբկիրի տարածքային ստորաբաժանում է ներկայացրել արտադրական կոոպերատիվը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմավորելու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Այդ փաստաթղթերի հիման վրա 2009թ. հուլիսի 3-ին «Նորարար» արտադրական կոոպերատիվը վերակազմավորվել է «Նորարար» ՍՊ ընկերության:
Այսպիսով` ՍՊ ընկերությունը հանդիսացել է կոոպերատիվի իրավահաջորդը, սակայն որևէ միջոց չի ունեցել պետության հանդեպ նշված հարկային պարտավորությունը կատարելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 11 847 905 դրամի վնաս: