Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Վախճանվել է Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը

Տեղադրվել է12:40 PM

Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ փետրվարի 1-ին կյանքի 91-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը:

Սրբազան Հայրը մեկ տարուց ի վեր անկողնային վիճակում էր բժիշկների հսկողության և Ս. Գայանե վանքի միանձնուհիների խնամքի ներքո:

Տ. Հուսիկ արք. Սանթուրյանը (ավազանի անունով` Ազատ) ծնվել է 1920թ. Սեբաստիա քաղաքում (Թուրքիա):
5 տարեկանից որբացել է և մինչև պատանեկության տարիները ապրել ու կրթվել է դանիուհի Մերի Յակոբսոնի «Թռչնոց բույն» որբանոցում (Ջիբեյլ, Լիբանան):
1935թ. ավարտել է Ջիբեյլի դանիական որբանոցի ուսումնական շրջանը և նույն թվականին տեղափոխվել Երուսաղեմի գերմանական որբանոցի արհեստա-ուսումնական կուրսը` ավարտելով այն 1938թ.:
1939-1945թթ. աշխատել է Երուսաղեմում որպես ուսուցիչ և գրասենյակային ծառայող:
1947թ. ներգաղթել է Հայաստան:
1953-1955թթ. ուսանել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգևոր ճեմարանում:
1955թ. ձեռնադրվել է սարկավագ:
1956թ. փետրվարին ձեռնադրվել է կուսակրոն քահանա և նշանակվել Մայր Աթոռի եկեղեցական արվեստի թանգարանի վերակացու:
1959թ. ստացել է մասնավոր վարդապետության աստիճան:
1961թ. նշանակվել է Ադրբեջանի թեմի առաջնորդ:
1962թ. հոկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
1965թ. նշանակվել է Մայրավանքի փոխլուսարարապետ:
1972թ. ստանձնել է լուսարարապետի պաշտոնը, որ վարել է շուրջ 30 տարի:
Իր բազմամյա ծառայության համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է Հայ Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո շքանշանի:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եկեղեցականաց դասը սգում են բազմավաստակ Սրբազան Հոր մահը:
Փետրվարի 2-ին, ժ. 1800-ին, Սբ. Գայանե վանքում կկատարվի եկեղեցու կարգ: Փետրվարի 3-ին, ժ. 1030-ին, հընթացս Սբ. Պատարագի կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը: Հուսիկ Սրբազանի մարմինը կամփոփվի միաբանական գերեզմանատանը», - նշված է Մայր Աթոռի տարածած մահազդում:

Share |

Գովազդ