Արցախի անկախության 20-րդ տարեդարձին` Ֆրանսիայի Վիեն քաղաքում տեղի է ունեցել կոնֆերանս
Վիեն քաղաքում տեղի է ունեցել կոնֆերանս` նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին:
Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունից, կոնֆերանսին մասնակցել են քաղաքային իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Արցախի անկախության 20 տարիների ձեռքբերումների մասին զեկուցումով հանդես է եկել Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, որից հետո ցուցադրվել է վավերագրական ֆիլմ:
Նույն օրը Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիլյեի հրավերով Հովհաննես Գեւորգյանը հյուրընկալվել է քաղաքապետարանում: Հանդիպման ընթացքում Ժակ Ռեմիլյեն` որպես քաղաքապետ եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, իր աջակցությունն է հայտնել ԼՂՀ անկախությանը` միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է պատշաճ գնահատական տալ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին եւ ագրեսիվ գործողություններին:
ԼՂՀ մշտական ներկայացուցիչն իր երախտագիտությունն է հայտնել Վիենի քաղաքապետին միջոցառման իրականացմանն աջակցելու, ինչպես նաեւ Հարավային Կովկասի խաղաղության ամրապնդմանն ու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության դատապարտմանն ուղղված կոչը ստորագրելու համար: