Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Սերժ Սարգսյան. Խորվաթիայի նախագահի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին

Տեղադրվել է4:42 PM

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Լուկա Բեբիչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2009թ. Խորվաթիա կատարած իր այցի ժամանակ Զագրեբում Լուկա Բեբիչի հետ տեղի ունեցած հանդիպումը եւ ուրախ է կրկին հանդիպելու համար:
«Ուրախ եմ, որ վերջին երկու-երեք տարիներին բարձր մակարդակի մեր շփումները շարունակվում են: Բնականաբար, դրանք օգնում են հարաբերությունների խորացմանը: Մեր երկրների, ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու, համագործակցությունը խորացնելու գործում, իհարկե, միջխորհրդարանական հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն: Կարեւոր է, որ ե’ւ Ձեր, ե’ւ մեր խորհրդարաններում բարեկամական խմբեր են ձեւավորվել: Վստահ եմ, որ մեր պատգամավորների փոխայցելությունները կրելու են պարբերական բնույթ: Բարով եք եկել Հայաստան, եկել եք բարեկամների մոտ, եւ մենք դրա համար ուրախ ենք»,- Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանն ասել է Ս. Սարգսյանը: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է 2011թ. նախատեսված` Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի այցը Հայաստան, որը նոր թափ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերություններին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նախագահի հետ գործարարների այցը Հայաստան եւ հայ գործընկերների հետ շփումները լավ հնարավորություն են տնտեսական համագործակցության զարգացման եւ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման համար:



Հեռանկարային են համարվել մշակույթի, զբոսաշրջության ենթակառուցվածքների, այդ թվում` էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը: Նախագահ Սարգսյանը եւ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակը խոսել են նաեւ ԵՄ-ի հետ համագործակցության, տարածաշրջանային խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Share |

Գովազդ