Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը

Տեղադրվել է2:48 PM

Սիրելի՜ հայրենակիցներ,

Անշուշտ տեղյակ եք այն մասին, որ մարտի 3-ին միջադեպ է տեղի ունեցել իրենց խաղաղ բողոքի ակցիան իրականացնող մի խումբ քաղաքացիների, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների եւ ոստիկանների միջեւ: Այս օրերին որոշ հեռուստաընկերությունների թողարկումներում ցուցադրվում է մոնտաժված, դեպքերի զարգացումը չներկայացնող կադրեր, որտեղ փորձում են այնպես ներկայացնել, թե մի խումբ ոստիկաններ խաղաղ իրենց ծառայությունն էին իրականացնում Հանրապետության հրապարակի գորգի վրա, եւ քաղաքացիներն ու պատգամավորները հարձակվեցին` բռնության ենթարկելով նրանց:

Մի՞թե սա է ոստիկանության ներուժը, որ մի քանի կանայք եւ ես կարող ենք բռնություն գործադրել մի քանի տասնյակ հաղթանդամ ոստիկանների վրա, ինչպես ներկայացվում է ոստիկանապետի խոսքում եւ իշխանական սենյակներում մոնտաժված կադրերում:

Ցավոք սրտի, իրականությունը միանգամայն այլ է, եւ այն շատ հստակ ներկայացված է տարբեր լրատվական ինտերնետային կայքէջերում: Այստեղ երեւում է որոշ ոստիկանների ցինիզմի աստիճանն ու նրանց ստահոդ տեղեկատվությունը:

Մարտի 3-ի առավոտյան արդեն ՀՀ կառավարության շենքն ամբողջովին շրջափակված է եղել: Ոստիկանները, խախտելով օրենքը, քաղաքացիներին արգելել են իրացնել իրենց սահմանադրական իրավունքները: Փոխգնդապետ Ավետիսյանը, չպահպանելով բարեկրթության որեւէ նորմ, լկտի պահվածք է դրսեւորում իմ գործընկեր Անահիտ Բախշյանի նկատմամբ, իբրեւ թե նա հայհոյել է կառավարության անդամներին: Ցինիզմի ինչպիսի աստիճան պետք է ունենա մարդը, անկախ նրանից` ոստիկան է, թե ոչ, որ նման կերպ իրեն դրսեւորի Անահիտ Բախշյանի նման ազնիվ ու բարեկիրթ տիկնոջ նկատմամբ: Դրանից հետո օրենքի կոպիտ խախտումներով բռնություն իրականացնի կանանց նկատմամբ ու հաղորդում ներկայացնի հանցագործության մասին, թե ինքը տուժած է:

Մոնտաժված կադրերից երեւացող իմ մեկ այլ գործընկերոջ ծամածռություններն ուղղված են եղել հանրապետության այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ժողովրդին հասցրել են այս ծայրագույն վիճակին եւ դրանով չբավարարվելով` նաեւ բռնությունների են ենթարկում մեր համաքաղաքացիներին ու պատանդ պահում Զարուհի Փոստանջյանի եղբորը: Եվ այդ կադրերի հիման վրա էլ փորձում են արդարացնել ոստիկանների անօրինական գործողությունները` հավասարության նշան դնելով հանցագործության եւ այդ հանցագործությունը դատապարտողների վարքագծի մեջ:

«Ժառանգությունը» պահանջում է. հեռուստատեսությամբ ցուցադրել հենց ոստիկանության կողմից տեսագրված ամբողջական տեսանյութը` առանց մոնտաժների եւ ձայնի փոփոխությունների, որի արդյունքում էլ կպարզվի, ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «Սայլի տեղ, սայլապանն է ճռռում»:

Share |

Գովազդ