Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը միջնորդել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Սամսոն Խաչատրյանի հարցով

Տեղադրվել է12:59 PM

ԲՀԿ նախագահ,  Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մարտի  29-ին հանդիպել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես  ИА REGNUM-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, հանդիպման հիմնական թեման հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի հետագա ճակատագիրն է, ով մարտի 13-ից կալանքի տակ է գտնվում:
“Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը երկրի նախագահին ներկայացրեց խնդրի մասին իր կարծիքը՝ հանդես գալով մարզիկի հանդեպ ներողամտություն ցուցաբերելու խնդրանքով: Սերժ Սարգսյանը իր հերթին հայտնեց, որ անձամբ մեծ հարգանքով է վերաբերվում բոլոր մարզիկներին, որոնք մեծ ներդրում են ունեցել հայկական սպորտի զարգացման գործում,”- հայտնել է Խ. Գալստյանը:
Օրերս Գագիկ Ծառուկյանը պատասխանլով լրագրողների հարցերին` հայտնել է իր մտադրության մասին` դիմել Հանրապետության նախագահին, որպեսզի Սամսոն Խաչատրյանի հանդեպ “ցուցաբերվի հնարավորինս ներողամիտ վերաբերմունք, քանի որ նա սիրված և հարգված է ամբողջ մարզական աշխարհում”: Ըստ ԲՀԿ նախագահի բռնցքամարտիկը կարողացել է Հայաստանի հեղինակությունը աշխարհում բարձր մակարդակի վրա պահել, սակայն դա չի նշանակում, որ նման հեղինակություն վայելող և այդքան մեծ ներդրում ունեցող մարզիկները կարող են իրենց թույլ տալ խախտել օրենքը:
ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և բռնցքամարտի աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել էր մարտի 13-ին Երևանում օրենքի ներկայացուցչի հանդեպ բռնություն կիրառելու կասկածանքով: Ըստ ոստիկանության վարկածի մարտի 1-ին 18:00 –ի մոտակայքում  Երևանի Մաշտոցի պողոտայի և Կորյուն փողոցի խաչմերուկում Սամսոն Խաչատրյանը չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, դիմադրություն է ցուցաբերել և հարվածել է ոստիկաններից մեկին՝ նրան մարմնական վնասվածք պատճառելով: Միաժամանակ օպոզիցիոն Հայ Ազգային Կոնգրեսը բռնցքամարտիկի ձերբակալությունը համարել է քաղաքական հետապնդման քայլ:

Share |

Գովազդ