«Հայկական ժամանակ». Էլիտար քեֆ Սիսիանում. Մասնակիցներից մեկը ատրճանակը պահել է կանանց վրա եւ ստիպել պարել
«ՀԺ»-ն գրում է, որ մարտի 1-ին Սիսիանի «Լալաներ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել անտառտնտեսության վարչության պետ Արկադի Արշակյանի ծննդյան տարեդարձի արարողությունը, ինչի կապակցությամբ մինչ օրս սիսիանցիների շրջանում բազմաթիվ զրույցներ են ծավալվում:
Միջոցառմանը մասնակցել են Սիսիանի գրեթե բոլոր պետական կառույցների եւ ձեռնարկությունների ղեկավարները, մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանը, Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ Աշոտ Մինասյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, Սիսիանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արտյոմ Թադեւոսյանը, Սիսանի գնդի հրամանատար Արթուր Սարգսյանը եւ այլք: Ըստ սիսանցիների, Աշոտ Մինասյանն արարողության ժամանակ իբր այնքան է գինովցել, որ ատրճանակը պահել է կանանց վրա եւ անվայել արտահայտություններով պահանջել, որ պարեն: Նրա եւ Հայկ Կարապետյանի միջեւ վեճ է սկսվել, որը հանդարտեցրել է Սիսանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը եւ Մինասյանի ձեռքից վերցրել ատրճանակը:
Երեկ Մինասյանը «ՀԺ»-ի հետ զրույցում այս լուրերը մեկնաբանել է այսպես. «Ինձ չճանաչող մարդն իրավունք ունի նման բաներ մտածել: Ես իմ հաշվարկը, իմ չափը, իմ ամեն ինչը գիտեմ: Այդ ստահոդ լուրերը, որ տարածում են, դրանց կարիք չկա հավատալ: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ոչ մի բան չեմ խոսել, երկրորդ` իմաստ չեմ տեսնում տենց բան կատարելու»: Իսկ ճի՞շտ է, որ 20 հազարանոցներով եւ 100 դոլարանոցներով հատակը ծածկված է եղել, եւ մասնակիցները պարել են փողերի վրա. «Սիսիանցիներն իրավունք ունեն նման բաներ ասելու, որովհետեւ Սիսանն այնքան աղքատ տեղ է, որ ժողովուրդը խեղճ է: Բայց նման բան չի եղել: Յուրաքանչյուր մարդ, երբ ձեզ մի բան ասում է, աշխատեք ստահոդ լուրերին չհավատալ»,-պատասխանել է Միանսյանը: