Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Լիբիացի ապստամբները խոստացել են ազատ ընտրություններ անցկացնել

Տեղադրվել է8:35 PM

Լիբիայի անցումային ազգային խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է, որ այժմյան ընդդիմությունը, Կադաֆիի հրաժարականից հետո, պարտավորվում է արդար, բաց և թափանցիկ ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ապստամբների ներկայացուցիչների խոսքով՝ իրենք մտադիր են Լիբիայում «ժամանակակից, ազատ և միասնական պետություն» ստեղծել։
Իսկ ՄԱԿ–ում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Ռայսն այսօր «Բարի լույս, Ամերիկա» ռադիոհաղորդման եթերում հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չի բացառում Լիբիայի առաջնորդի հակառակորդներին զենք մատակարարելու հնարավորությունը։
Այդ հայտարարությունը, փաստորեն, հակասում է արևմտյան երկրների առաջնորդների այն խոստումներին, թե Լիբիային զենք մատակարարելու էմբարգոն անշեղ ապահովվելու է։
Նշենք, որ Լիբիայի անցումային ազգային խորհրդի և Ռայսի հայտարարությունները հնչել են Լիբիայի իրադրությանը նվիրված միջազգային կոնֆերանսի մեկնարկից առաջ։ Կոնֆերանսը մեկնարկել է այսօր Լոնդոնում։
Այդ կոնֆերանսի շրջանակում աշխարհի ավելի քան 40 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները փորձելու են Լիբիայում ստեղծված իրադրությունից դուրս գալու ուղիներ ուրվագծել։
Բացի այդ, գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է քննարկել այն հարցը, թե քաղաքացիական պատերազմից հետո ինչպիսին է լինելու այդ երկրիրը։

Ի դեպ, կոնֆերանսին Լիբիայի ներկայացուցիչները չեն մասնակցում. Լիբիայի ապագայի քննարկումը, փաստորեն, տեղի են ունենալու առանց Կադաֆիի կողմնակիցների և հակառակորդների։

Փետրվարի կեսերին Լիբիայում սկսված հակակառավարական բողոքի ակցիաները դաժան մարտերի են վերածվել Կադաֆիի հակառակորդների և կողմնակիցների միջև։

Մարտի 17–ին, ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը Լիբիայի վերաբերյալ բանաձև ընդունեց։ Բանաձևը նախատեսում է Լիբիայում ոչ թռիչքային գոտի հաստատել, ինչպես նաև «անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկել» (բացի ցամաքային հարձակումից) Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի զորքերից երկրի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար: Լիբիացիներին պաշտպանելու նպատակով ռազմական գործողություները Լիբիայում սկսվեցին մարտի 19-ին:

Գործողություններին, մասնավորապես, մասնակցում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Դանիան, Բելգիան, Իսպանիան։

Կիրակի ՆԱՏՕ–ն պաշտոնապես ստանձնեց Լիբիայում կոալիցիայի ռազմական գործողությունների հրամանատարությունը։
Կառավարական զորքերի և ապստամբների միջև դաժան մարտերը շարունակվում են առ այսօր։ Ապստամբներին աջակցում են արևմտյան երկրների ռազմաօդային ուժերը։

Share |

Գովազդ