«Առավոտ». Հայաստանի ամենաբոցավառ հեղափոխականը գործող վարչապետն է
«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Հայաստանի ամենաբոցավառ հեղափոխականը, անշուշտ, ՀՀ վարչապետն է: Այն իմաստով, որ նրա ղեկավարած կառավարությունն ամեն ինչ անում է, որ սոցիալական վիճակը մեր երկրում սրվի, եւ դա պատճառ դառնա, որ դժգոհ ընտրազանգվածը դուրս գա փողոց: Խոսքը հանրահավաքի մասին չէ, երբ գալիս են այս կամ այն ուժի կողմնակիցները, որոնց գործողությունների համար այդ ուժը պատասխանատվություն է կրում: Բոլորովին այլ բան է տարերային բողոքը, երբ գործազուրկ, սոված մարդիկ պատրաստ են ջարդուփշուր անել ամեն ինչ: Այդ դեպքում ոչ ոստիկանությունը, ոչ բանակը, ոչ թիկնապահները, ոչ էլ ընդդիմադիր որեւէ ուժ նման ապստամբությունը չի կարողանում կանգնեցնել: Նման իրավիճակներում իդեալական կլիներ, իհարկե, որքան հնարավոր է շուտ ազատ ընտրություններ անցկացնելը եւ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը վայելող իշխանության ձեւավորումը: Բայց, ինչպես ասում են, քաղաքականությունը հնարավորի արվեստ է:..
Անկախ նրանից՝ հերթական կլինեն առաջիկա ընտրությունները, թե արտահերթ, քաղաքական դաշտի հիմնական խաղացողները պետք է գան կոմպրոմիսի, եթե, իհարկե, իսկապես ցանկանում են, որ մեր երկրում որեւէ բան փոխվի։ Որոշակի համաձայնության պետք է գան Դաշնակցությունն ու Կոնգրեսը՝ հաղթահարելով 90-ականներից եկած երկուստեք ատելությունը։ Միայն հանդես գալով միասնական ձեւով՝ ընդդիմադիր բոլոր ուժերը կարող են ստիպել իշխանությանը գնալ զիջումների։ Այդ զիջումներն էլ պետք է լինեն փոխադարձ՝ աոանց կուլակաթափության եւ հաշվեհարդարի սպառնալիքների՝ որքան էլ դրանք հաճելի լինի լսել հանրահավաքային զանգվածի համար։ Անշուշտ, այստեղ աոաջին քայլը պետք է անի իշխանությունը՝ սթափ գնահատելով իրավիճակը։ Դա դժվար է անել, երբ դու նստած ես կաբինետում եւ «պատասխանատու» հեոուստաընկերություններով լավատեսական լուրեր ես լսում։ Բայց այլ ելք, կարծես թե, չկա»։