Կասեցվել է Լիբիայի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեկ որոշում է ընդունել կասեցնել Լիբիայի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդում։ Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, համապատասխան բանաձևն ընդունվել է առանց քվեարկության այն բանից հետո, երբ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել վճռական գործողություների դիմել Մուամմար Կադաֆիի վարչակարգի նկատմամբ։
Մարդու իրավունքների խորհուրդը նաև հայտարարել է, որ պատրաստ է կիրառել «ցանկացած միջոցառումներ», որոնք անհրաժեշտ կլինեն արյունահեղությունը դադարեցնելու համար։
Ինչպես նշում է AFP-ն, սա առաջին դեպքն է, որ խորհուրդը հանդես է գալիս իր անդամներից մեկի դեմ։
Նիստի ժամանակ նաև հայտարարաւթյուն է արվել, որ Լիբիայում սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում արդեն զոհվել է ավելի քան 1000 մարդ։
Այս պահին միջազգային հանրությունը գործնականւմ միաձայն դատապարտում է Լիբիայի նախագահի գործողությունները։ Մասնավորապես ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն արդեն պատժամիջոցներ են մտցրել Լիբիայի դեմ. Կադաֆիին և նրա ընտանիքի անդամներին արգելվել է լքել Լիբիան և սառեցվել են օտարերկրյա բանկերում պահվող նրա հաշիվները։
Մյուս կողմից Կանադան որոշել է Լիբիայի ափեր ուղարկել Charlottetown ֆրեգատը։ Նշվում է, որ նավում կգտնվի անձնակազմի 240 անդամ և այն տեղ կհասնի չորեքշաբթի։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը։
Միջերկրական ծով նավ ուղարկելու գլխավոր նպատակն է «օգնել Լիբիայից Կանադայի քաղաքացիների տարհանմանը»։ Սակայն նա ավելացրել է, որ ֆրեգատը կարող է օգտագործվել նաև Լիբիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու նպատակով, ինչպիսին, օրինակ, կարող է լինել ծովային շրջափակումը։
Մինչ այդ ԱՄՆ-ը նույնպես հայտարարել էր,որ Լիբիայի ափերին մոտեցնելու է ռազմածովային ուժեր։
Մինչդեռ ՆԱՏՕ-ի անդամ-երկրները միաձայն չեն Կադաֆիի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու հարցում։ Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ առայժմ ոչ մի գործողություն չի նախատեսվում, չնայած դիտարկվում են բոլոր տարբերակները, հաղորդում է AP-ն։
Լիբիայում փետրվարի 15-ից սկսված ժողովրդական հուզումները շարունակվում են։ Ընդդիմադիրներն արդեն իրենց հսկողության տակ են առել մայրաքաղաք Տրիպոլիի մերձակա շրջանները։ Ցուցարարների ձեռքն է անցել նաև Տրիպոլիի արվարձանային Ալ Զավիա և Տրիպոլիից 200 կմ հեռու գտնվող Միսուրատա քաղաքները։
Իսկ Կադաֆիի վարչակարգը շարունակում է մեղադրել Արևմուտքին իր ներքին գործերի մեջ խառնվելու մեջ։ Մասնավորապես Սեյֆ ալ Իսլամը հատարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ցանկանում է հերոս ձևանալ և տիրանալ լիբիական նավթին։ Նա նաև հայտարարել է, որ իր «երկիրը չի վախենում» այդպիսի ընթացքից և որ դա «անընդունելի է» ։
Մի քանի օր առաջ Քեմերոնը հայտարարել էր, որ չի բացառում ռազմական ուժի կիրառումը Լիբիայի նկատմամբ։