Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Կառավարությունն արհամարհում է իր իսկ առաջարկած` CD-ների մասին օրինագիծը

Տեղադրվել է10:56 AM

«Ազգ» թերթը նշում է, որ Հայաստանում օրենքները թղթի վրա մնալու վատ բնավորություն ունեն: Ամենաթարմ օրինակը «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքն է: Օրենքն անցյալ տարի ընդունվեց Ազգային ժողովում եւ վավերացվեց նախագահի կողմից:

Մարտի 1-ից պետք է ուժի մեջ մտներ, բայց, ինչպես հաճախ է պատահում, սայլը տեղից չշարժվեց: Բանն այն է, որ կառավարությունը չէր ընդունել օրենքի կիրարկման կարգը:

Օրենքը կարգավորում է Հայաստանում վաճառվող CD/DVD-ների ոլորտը եւ կոչված է վերացնելու «պիրատություն» կոչվող երեւույթը հայկական շուկայում: Նախ, ըստ օրենքի CD/DVD-ների վրա պարտադիր պետք է փակցված լինեն դրոշմապիտակներ, որոնք հավաստում են դրանց օրինական լինելը: Եվ երկրորդ կարեւոր հանգամանքը` CD/DVD-ներ թողարկողը պետք է պարտադիր պայմանագիր ունենա հեղինակի կամ կատարողի (իրավատիրոջ) հետ եւ նրան մասնաբաժին տա եկամտից: Բացի դրանից` օրենքի ընդունումից հետո այդ ոլորտը կսկսեր հարկվել եւ եկամուտներ բերել պետական բյուջեին: Էլ չենք խոսում երկրի միջազգային հեղինակության վերականգնման մասին:

Հեղինակային իրավունքով զբաղվող միջազգային խոշոր կազմակերպություններն ունեն երկրների սեւ ցուցակ: Համարվում է, որ այդ ցուցակում տեղ գտած երկրներում հեղինակային իրավունքի պաշտապանությունը խայտառակ վիճակում է: Հայաստանը այդ երկրների շարքում է: Այդ օրենքով փաստորեն վերջ է տրվում մեր երկրում տասնամյակներ տեւած արվեստագետների եւ պետական բյուջեի թալանին:

Կարճ ասած, օրենքը իրոք օգտակար է, բայց կիրարկման կարգի բացակայության պատճառով չի գործում: CD/DVD արտադրողներն ու վաճառողները դիմում են ՊԵԿ-ին` դրոշմապիտակներ ստանալու նպատակով, սակայն ՊԵԿ-ում ասել են, որ իբր թե, ոչնչից տեղյակ չեն:

Փաստորեն մեր «պիրատները» եւ նրանց տանիքները ցանկանում են կամ հայտարարում են, որ ցանկանում են աշխատել օրինական դաշտում: Իսկ կառավարությունը նախագահի վավերացրած օրենքի նկատմամբ իր անտարբեր վերաբերմունքով կարծես թե դառնում է մի նոր տանիք «պիրատների» համար, արձանագրում է «Ազգ»-ը:

Share |

Գովազդ