Թուրքիայում առաջարկել են Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին գտնվող անցակետն ի պատիվ Թալաթ փաշայի վերանվանել
Թուրքիայում առաջարկել են Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին գտնվող անցակետն ի պատիվ Թալաթ փաշայի վերանվանել։ Նմանատիպ ցինիկ առաջարկով հանդես է եկել նորաստեղծ աջ քեմալական «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիգ Օզդաղը, հաղորդում է Oda TV-ն։
Նա հայտարարել է, որ համապատասխան առաջարկ է ներկայացրել երկրի խորհրդարան։ Խոսքը Կարսի անցակետի մասին է, որը կոչվում է Աքքայա։ Թուրքիան այն փակել է 1993 թվականին։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Մեհմեդ Թալեաթ փաշան, Ահմեդ Ջեմալ փաշան եւ Էնվեր փաշան, ինչպես նաեւ «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։
Ցեղասպանության համար ցուցումները տրված են եղել Էնվեր փաշայի 1915 թվականի փետրվարի 27-ի ծածկագրված հեռագրում, մինչդեռ հայերի «վերջնական ոչնչացման» հատուկ միջոցառումները նշվել են Թալեաթ փաշայի եւ Էնվեր փաշայի 1915 թվականի ապրիլի 15-ի գաղտնի հրահանգում։ Հայ բնակչության ցեղասպանությունը սկսվել է Անատոլիայի Զեյթուն քաղաքում՝ 1915 թվականի ապրիլի 24-ին։ Թալեաթ փաշան իր հուշերում (հրատարակվել է 1946 թվականին) ընդունել է հայերի բռնի տեղահանության եւ բնաջնջման փաստը, բայց դրա դրդապատճառ համարել է բացառապես թուրքերի «ազգային շահերի» պաշտպանությունը։
Օսմանյան արտակարգ ռազմական տրիբունալը, որը տեղի է ունեցել 1919 թվականին Կոստանդնուպոլսում, ռազմական հանցագործությունների եւ «կայսրության հայ բնակչության ոչնչացման» համար Թալեաթին հեռակա դատապարտել է մահապատժի։ Նրան սպանել է Սողոմոն Թեհլերյանը, որը կորցրել էր իր ողջ ընտանիքը Ցեղասպանության ժամանակ։ 1921 թվականի մարտի 15-ի առավոտյան բեռլինյան Շառլոտենբուրգ թաղամասում Թեհլերյանը բազմաթիվ վկաների աչքի առաջ ատրճանակով գնդակահարել է Թալեաթ փաշային։ Բեռլինի դատարանը Թեհլերյանին արդարացրել է որպես աֆեկտի վիճակում գործող անձի։
The post Թուրքիայում առաջարկել են Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին գտնվող անցակետն ի պատիվ Թալաթ փաշայի վերանվանել appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/u6NkZwy
via IFTTT