Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Գուրգեն Յանիկյանի դատախազի ուշացած խոստովանությունը

Տեղադրվել է10:48 AM


25 տարի առաջ (1973թ. հունվարի 27-ին) 2 թուրք դիվանագետ սպանած Գուրգեն Յանիկյանի դատախազ Դեյվիդ Միները մի հոդվածով անդրադարձել է դատավարությանը և ընդունել, որ սխալ է գործել, երբ արգելել է ներկայացնել Հայկական ցեղասպանության մասին վկայությունները:
Հոդվածի սկզբում դատախազը նախ անդրադարձել է Յանիկյանի ահաբեկչական արարքին, որ տեղի ունեցավ Սանտա Բարբարայի ՙԲալթիմոր՚ հյուրանոցում, երբ Յանիկյանը նվերներ հանձնելու պատրվակով հանդիպման էր հրավիրել Թուրքիայի ընդհանուր հյուպատոսին և փոխհյուպատոսին և ՙերկու սատանաներին՚ սպանելուց հետո հանձնվել իշխանություններին:
Արարքից մի քանի ժամ առաջ 78-ամյա Յանիկյանը հարյուրավոր թերթերի և հայ քաղաքացիների նամակներ էր հղել՝ կոչ անելով ահաբեկել Թուրքիայի կառավարության բոլոր ներկայացուցիչներին՝ ՙարդարություն պահանջելով՚ 1915-ին ջարդված 2 միլիոն հայերի համար:
Ըստ դատախազի՝ Յանիկյանի առաջնորդած ահաբեկչական արշավին հաջորդած 10 տարիներին ահաբեկվել են 27 թուրք դիվանագետներ, իսկ 150 հոգի էլ՝ վիրավորվել կամ սպանվել:
Նա շարունակում է, թե Յանիկյանը ոգևորված էր Սողոմոն Թեհլիրյանով, որը 1921-ին սպանել էր Թուրքիայում բոլոր հայերին սպանելու հրաման արձակած Թալեաթ փաշային և իր դատավարությունն օգտագործել էր Հայկական հարցը և ցեղասպանությունը միջազգային հասարակայնությանը ներկայացնելու համար:
Յանիկյանը ևս ցանկանում էր իր դատավարությունը դարձնել «Հայկական Նյուրնբերգի» նախաքայլը, որովհետև Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում Հայկական ցեղասպանությունը:
«Ես էի Յանիկյանի դատավարության դատախազը, և հայերի հույսն ինձ վրա էր»,- գրում է Միները և ավելացնում, թե դատավարությունից առաջ Յանիկյանի փաստաբաններից Վազգեն Մինասյանը կոչ է արել իրեն ցեղասպանության դեմ մի վճիռ արձակել և հանձնել է Թեհլիրյանի մասին գրված «Խաչը և մահիկը» գիրքը, որի հեղինակը Գ. Յանիկյանի բարեկամներից Լինդի Ավագյանն էր:
«Առիթ ունես աշխարհում արդարության խորհրդանիշ լինելու», – ասել էր Մինասյանը դատախազին:
«Այդ բառերը շարունակում են հալածել ինձ մինչև այսօր և եթե կարողանայի ժամանակը հետ դարձնել, այլ ճանապարհ կընտրեի, ինչ էլ լինեին հետևանքները»,- շարունակում է Միները՝ ասելով, թե Յանիկյանի փաստաբանները ցանկանում էին դատավարությանը ներկայացնել վերապրողների և պատմաբանների վկայություններն ու լուսանկարչական փաստերը ցեղասպանության մասին:
«Իբրև դատախազ իմ պարտականությունն էր դատապարտել ոճիրը, և գիտենալով, որ դատախազը կարող է իր կարծիքը փոխել, եթե լսի ջարդերի մասին ցավալի վկայությունները, համոզեցի դատավորին, որ դրանք (վկայությունները) նկատի չունենա: Այդպիսով Հայկական Նյուրնբերգը ձախողության մատնեցի», – գրում է նա:
Դատախազը շարունակում է, թե Յանիկյանի և Արամ Սարոյանի (Վիլյամ Սարոյանի հորեղբորորդին) ուսերին մնաց Հայկական ցեղասպանության փաստերը ներկայացնելը: Յանիկյանը 6 օր շարունակ ներկայացնում էր դրանք՝ նկարագրելով իր ընտանիքի 26 անդամների սպանությունը:
Ըստ դատախազի՝ պաշտպանության հիմնական թերությունն այն էր, որ սպանված դիվանագետները չէին ներկայացնում այն կառավարությունը, որ պատասխանատու էր ցեղասպանության համար, և այդ պատճառով Յանիկյանը 79-ամյա հասակում դատապարտվեց ցմահ բանտարկության և 5 տարի հետո ներում ստացավ՝ հակառակ Թուրքիայի բողոքների: Սակայն 2 ամիս անց մահացավ սրտի տագնապից:
Դատախազը եզրակացնում է, թե Յանիկյանը մի խորհրդանիշ է Թուրքիայի կառավարության ուրացման քաղաքականության դեմ, և հիշեցնում է, որ նրա պաշտպան փաստաբաններից մեկն ասել է. «Այժմ Յանիկյանը հայոց պատմության կարևոր մասնիկն է»: Դատախազն ավելացնում է, թե Թուրքիայի կառավարությունը շարունակում է ուրանալ ցեղասպանությունը՝ հակառակ գոյություն ունեցող փաստերի:
«Ցավում եմ, որ թույլ չտվեցի ցեղասպանության վերաբերյալ փաստերի լիարժեք ներկայացմանը, ոչ թե նրա համար, որ Յանիկյանը պետք է ազատ արձակվեր, այլ նրա համար, որ պատմության ամենամութ էջերը՝ ցեղասպանությունները, պետք է բացահայտվեն, որպեսզի այլևս չկրկնվեն արհավիրքները: Դժբախտաբար, Հայկական ցեղասպանությունը չի դատապարտված, և այդ պատճառով Ադոլֆ Հիտլերը 1939-ին իր ազգային ցեղասպանության արշավի սկզբին հայտարարեց.  «Վերջապես, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»:
Ծանոթագրություն
1. Նկատի ունի գործողությունից առաջ գրված կոչը հայ ժողովրդին:
2. Լրագրողները հաճախ հարցը սխալ են ձևակերպում, ինչպես այս դեպքում: Յանիկյանի խնդիրը վրեժ լուծելը չէր, այլ ազատագրական պայքարի սկիզբը դնելը:
Հոդվածը տպագրվել է «ՖՐԵԶՆՈ ԲԻ» օրաթերթում

Share |

Գովազդ