Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Արմավիրի մարզի բազմազավակ գյուղապետերը
Տեղադրվել է10:51 AM
![armavir_17.02.11](http://hetq.am/wp-content/uploads/2011/02/armavir_17.02.11.jpg)
«Տարվա բազմազավակ ընտանիք ունեցող, մարզի լավագույն պետական, քաղաքական, հասարակական գործիչ» անվանակարգում Սամվել Ավագյանը զբաղեցրել էր 3-րդ տեղը եւ որպես պարգեւատրում ստացել պատվոգիր ու 50 հազար դրամ: Այս անվանակարգի առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցնողներն էլ գյուղապետեր են:
Ս. Ավագյանն ունի 5 երեխա: Գյուղապետի ասելով` բազմազավակ հայր լինելը դժվար չէ, ավելին` պատվաբեր է: «Որովհետեւ ես իմ ընտանիքին, երեխաներին սիրում եմ, իսկ ընդհանրապես` երեխաներ շատ եմ սիրում»,- ասում է գյուղապետը:
Դրամական պարգեւը Սամվել Ավագյանը որոշել է ծախսել ընտանիքի անդամների համար նվերներ գնելու վրա: Բոլոր երեխաների համար նվերներ է գնել, իսկ կնոջը որպես երախտիքի նշան նվիրել է ծաղկեփունջ` իրեն 5 երեխա պարգեւելու համար: «Փառք Աստծո, ես ու կինս աշխատում ենք, լավ-վատ` պահել ենք մեր երեխաներին: Անչափահաս երեխա արդեն չունեմ, տղաս բանակում է, իսկ երկու աղջիկներս էլ ուսանողուհի են»,- ասում է գյուղապետը:
Բազմազավակ համայնքապետը նշում է, որ ինքը եւ մյուս բազմազավակ ծնողները մտածում են հայրենիքի զարգացման, հզորացման, բնակչության թվի աճի մասին: Համերկրացիներին էլ կոչ է անում երբեք չմոռանալ այդ մասին: Սակայն, որպես բազմազավակ ընտանիքի հայր` գյուղապետը կարեւորում է նաեւ պետության դերակատարումը, որպեսզի ընտանիքները շատ երեխա ունենալու ցանկություն ունենան:
«Պետությունը պետք է մտածի սոցիալական օգնություններ տրամադրելու, աշխատատեղեր ստեղծելու եւ բարձր աշխատավարձով վարձատրելու մասին: Աշխատատեղ պիտի լինի, որ մարդը կարողանա աշխատի ու իր երեխաներին պահի»,- ավելացնում է Սամվել Ավագյանը:
Գյուղապետի կարծիքով` այսօր ցանկության դեպքում շատերը չեն կարող 5 եւ ավելի երեխա ունենալ, քանի որ դժվարությունները շատ են, աշխատատեղեր չկան, իսկ ով էլ որ աշխատում է` դժվար կարողանա իր վաստակով բազմազավակ ընտանիք պահել. աշխատավարձերը, նպաստներն ու թոշակները ցածր են: «Այսօր բարձր է նաեւ գնաճը, ինչը խանգարող հանգամանք է: Փողն է որոշում ապրելու ձեւն ու շատ երեխաներ ունենալը»,-ասում է գյուղապետ Ավագյանը:
Թուրքիային սահմանակից Երվանդաշատ համայնքի ղեկավար Հովնան Ավետիսյանն այս անվանակարգում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Նա նույնպես ունի 5 երեխա` 2 տղա եւ 3 աղջիկ: Հովնան Ավետիսյանի երեխաներից երկուսն արդեն ուսանող են, իսկ երեքը դեռ սովորում են դպրոցում:
Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրներ ունեն բազմազավակ ընտանիքները: «Խնդիրներն ավելի լավ պատկերացնելու համար առաջին հերթին պետք է բազմազավակ հայր լինես»,- կատակեց գյուղապետը:
Ըստ նրա` բազմազավակ ընտանիքներին բնորոշ են ամենօրյա հոգսերն ու ծանրաբեռնվածությունը: Հ. Ավետիսյանն ասում է, որ կարողանում է բավարարել 5 երեխաների նվազագույն կարիքները, եւ այդ առումով իրենից երեխաները դժգոհություն չեն հայտնել: Իսկ ինչ վերաբերում է ծնելիության խրախուսմանը, ապա գյուղապետի կարծիքով. «Պիտի ընտանիքի եկամուտը շատ լինի, երեխաները պիտի առողջ լինեն, իսկ առողջ լինելու համար շատ փող է պետք եւ այլն»:
75 հազար դրամ պարգեւը Հովնան Ավետիսյանը դեռ չի ծախսել: «Այդ գումարը կծախսեմ, երբ դրա կարիքը լինի` առաջին անհրաժեշտության դեպքում»,- ժպտալով ասում է գյուղապետը:
Մրցանակաբաշխության առաջին հորիզոնականը գրաված Տալվորիկի գյուղապետ Կիրակոս Սաղաթելյանի հետ այդպես էլ չկարողացանք զրուցել: Նա մրցանակը` 150 հազար դրամը ստանալուց հետո միանգամից տուն գնաց, իսկ բջջային հեռախոսն անհասանելի էր:
Նշենք, որ մրցանակակիրներին ընտրել է 27 հոգուց բաղկացած գնահատող խորհուրդը: