Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Գիտենք՝ շուտով բոլորս էլ մեռնելու ենք. «Ֆուկուսիմայի» փրկարարներ

Տեղադրվել է11:31 AM


Երկրաշարժից և ցունամիից մեծապես վնասված ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում արդեն երրորդ շաբաթն է՝ շարունակվում են փրկարարական աշխատանքները։ Այս ողջ շրջանում այստեղ աշխատել են հարյուրավոր մարդիկ, որոնց համաշխարհային մամուլը կոչում է «ատոմային սամուրայներ» և «կամիկաձեներ»։

Ինչպես նկատում է news.mail.ru կայքի վերլուծաբանը, արևմտյան մամուլը պարբերաբար ընդգծում է, որ այս մարդիկ գիտակցաբար իրենց կյանքն են վտանգում, քանի որ գիտեն, որ մարդկանց ռադիացիայից փրկելն իրենց պարտքն է։
«Նրանցից շատերը կամավորներ են։ Ոմանք այս աղետի հետևանքով կորցրել են իրենց ընտանիքն ու աշխատանքը, այնպես որ՝ այս աշխատանքը նրանց հուսահատության դրսևորումն է. նրանք այլևս կորցնելու բան չունեն։ Այնուամենայնիվ, աշխատողների մեջ կան այնպիսիք, որ այստեղ են քաղաքացիական կոչումով։ Նրանք ունեն մտերիմներ և հարազատներ, սակայն պարտքը նրանց համար առավել է ամեն ինչից։ Նրանք գրեթե ոչ մեկի հետ չեն շփվում, որ ավելորդ խուճապի առիթ չտան։ Ստանալով ճառագայթման մահացու չափաբաժին՝ նրանք գիտեն, որ շուտով մեռնելու են։ Խոսքը նույնիսկ ոչ թե տարիների, այլ՝ ամիսների կամ շաբաթների մասին է։ Սակայն որպես իսկական սամուրայ՝ իրենց պարտքը կատարելու համար նրանք պատրաստ են մահվան»,- նշում է հոդվածագիրը։

Անցյալ գիշեր ամերիկյան Fox News հեռուստաալիքը ցուցադրեց մի լրագրողի զրույց աշխատողներից մեկի մոր հետ։ Ըստ փրկարարի մոր՝ իր տղան և նրա ընկեր-աշխատողները հանգիստ են վերաբերվում այն մտքին, որ իրենց մահը շուտով վրա է հասնելու։

Այսպիսով, չնայած «Ֆուկուսիմա» ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power Company (TEPCO) կազմակերպության բազմաթիվ հավաստիացումներին, որ իրավիճակը վերահսկվում է, և բժիշկները պարբերաբար քննում են աշխատողներին, նրանց ստացած ճառագայթման չափաբաժինը մահացու է։ Սովորաբար, տարեկան ճառագայթման վերին սահմանը 100 միլիզիվերտն է, իսկ հիմա ատոմային ռեակտորներից արտահոսած ջրի մեջ ռադիացիան հասնում է հազար միլիզիվերտի, և այն անընդհատ ավելանում է։ Պաշտոնական տվյալներով՝ ռադիոակտիվ այրվածքներ ստացել է արդեն 21 մարդ։

Այժմ տեղում աշխատում է 700 մարդ, որոքն այնտեղ սնվում և գիշերում են։ Նրանց աշխատանքային օրը տևում է 10։00-ից մինչև 17։00-ը։ Իսկ առավել վտանգավոր գոտիներում լինելը սահմանափակվում է մինչև 15 րոպե։

Share |

Գովազդ