Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ցորենի ալյուրը կհարստացվի միկրոտարրերով և վիտամիններով

Տեղադրվել է1:34 PM

Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաuտանի Հանրապետությունում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ներկայացմամբ` հայեցակարգը նպատակաուղղված է Հայաստանի բնակչությանը որոշ միկրոտարրերի և վիտամինների բացակայության հետևանքով առողջության վրա անցանկալի ազդեցություններից զերծ պահելուն, ինչպես նաև առողջության, բարօրության և արդյունավետության բարելավմանն ուղղված հանրային սնուցման ինտեգրացված ռազմավարության մշակմանը, աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և դրա հետագա զարգացմանը:
Միկրոտարրերի և վիտամինների (ինչպիսիք են, օրինակ, երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն, և այլն) անբավարարությունը աշխարհում հանրային առողջապահական ամենալուրջ հիմնախնդիրներից է: Ամբողջ աշխարհում շուրջ երկու միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47%-ը և հղի կանանց 42%-ը տառապում են սակավարյունության այս կամ այն աստիճանով: Ամեն օր աշխարհում 300 կին մահանում է ծննդաբերության ժամանակ անեմիայի և երկաթի անբավարարության պատճառով, շուրջ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնածին արատով, 4000 մեծահասակ մահանում է սրտի կաթվածից: Ըստ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի տվյալների, աշխարհում ավելի քան 40 միլիոն նախադպրոցական տարիքի երեխա տառապում է սուր և ավելի քան 120 միլիոն երեխա` խրոնիկական թերսնուցումից:
Ըստ Հ.Քուշկյանի` խնդիրն արդիական է նաև Հայաստանի համար: Ըստ 2005 թվականի Հայաստանի ժողովրդագրական և առողջապահության հարցերի հետազոտության տվյալների, նախադպրոցական տարիքի երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց շրջանում առկա է սակավարյունության բարձր տարածվածություն, համապատասխանաբար` 37% և 25% (ըստ ԱՀԿ-ի` սակավարյունության 90%-ը պայմանավորված է երկաթի անբավարարությամբ): Ըստ «Մարչ օֆ դայմս» կազմակերպության 2000 թվականի գլոբալ զեկույցի, Հայաստանում 1000 երեխայից 2-ը ծնվում է ցմահ հաշմանդամություն առաջացնող բնածին արատով (նյարդային խողովակի դեֆեկտ), ինչը չորս անգամ բարձր է միջին պոպուլյացիոն ցուցանիշից:
 

Share |

Գովազդ