Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Հայոց աշխարհ». Պատգամավոր Լեւոն Սարգսյանը օգնել է կոծկել սպանությունը

Տեղադրվել է9:17 AM

Թերթն անդրադառնում է անցյալ տարվա մայիսի 12-ին Կոմիտասի պողոտայում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած եւ Խաչիկ Մկրտչյանի սպանությամբ ավարտված խմբակային տուրուդմփոցի գործի փաստորեն լրացուցիչ քննությամբ բացահայտված մանրամասներին։

«Սա այն գործն է, որի առաջին քննության ժամանակ պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով տվյալների ու ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, նախ, ազատվեց պաշտոնից, ապա եւ՝ համապատասխան մեղադրանքով կալանավորվեց։

Հիշեցնենք, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ կատարած նախաքննությամբ նշված սպանության համար մեղադրանք էր առաջադրվել Արսեն Ահարոնյանին՝ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդուն։ Մինչդեռ հետագայում ԱԱԾ ստացած տեղեկություններով ու, դրանից հետո, նաեւ՝ հատուկ քննչական ծառայության կատարած փաստորեն լրացուցիչ քննությամբ պարզվել է, որ իրականում Խաչիկ Մկրտչյանի վրա կրակել է այդ միջադեպի մեկ այլ մասնակից՝ Վռամ Բաղդասարյանը, որը Արսենի ընկերն է եւ նախորդող հրապարակումներում հիշատակվում է որպես ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահ։

Հատկապես ուշագրավ է, որ ԱԺ նշված պատգամավորը հիշատակվում է ոչ միայն մամուլի հրապարակումներում, այլեւ այս գործի շրջանակներում։ Ըստ որում, միջադեպին հաջորդած զարգացումներում նա, կարելի է ասել, միանգամայն կոնկրետ դերակատարություն է ունեցել։

«Կասես` էսպես ու էսպես...»

Այդ միջադեպի ժամանակ Արսեն Ահարոնյանը եւ նրա ընկեր Պետրոս Գրիգորյանը հրազենային վնասվածք էին ստացել։ Նրանց վրա կրակել էր Խաչիկ Մկրտչյանը, իսկ վերջինիս վրա էլ կրակել էր Վռամ Բաղդասարյանը՝ փաստորեն պատճառելով մահացու վնասվածք։

Հետագայում արդեն հիվանդանոցում գտնվող Արսեն Ահարոնյանը ցուցմունք է տվել, թե այդ ինքն է կրակել Խաչիկ Մկրտչյանի վրա, ինչպես ասվում է՝ «վիզ վերցնելով» նրա սպանությունը։ Նա, իհարկե, ինչ-որ բացատրություններ է տվել, թե ինչու է այդպես վարվել եւ հետո ինչու է հրաժարվել այդ ինքնախոստովանական ցուցմունքից։

Մասնավորապես ասել է, թե գիտակցել է, որ սխալ է թույլ տվել՝ ուրիշի մեղքն իր վրա վերցնելով եւ նման բաներ։ Իրականում, ինչի մասին արդեն նշել ենք, որոշակի պայմանավորվածություն է եղել, եւ Արսեն Ահարոնյանը սխալ ցուցմունքներ է տվել հենց այդ պայմանավորվածության շրջանակներում։

Մեր տեղեկություններով, գործի երկրորդ՝ իրական քննության ընթացքում պարզվել է, թե հատկապես որն է եղել պայմանավորվածությունը։ Նկատի ունենալով, որ Արսեն Ահարոնյանը հրազենային վնասվածք է ստացել, նա «խոստովանել» է, թե իբր ինքն է կրակել Խաչիկ Մկրտչյանի վրա, որպեսզի դա ներկայացվի որպես ինքնապաշտպանություն։ Իսկ Վռամ Բաղդասարյանը վնասվածքներ չի ունեցել, եւ եթե նա խոստովաներ, որ ինքն է կրակել, ապա ինքնապաշտպանության վարկածը կարող էր «չաշխատել»։

Սակայն ինչ-ինչ պատճառներով, հետագայում պարզվել է, որ Արսեն Ահարոնյանին դիտավորյալ սպանության մեղադրանք է ներկայացված, ինչի համար նա կարող է նույնիսկ ցմահ ազատազրկման դատապարտվել։ Դա արդեն լրիվ փոխել է իրավիճակը, եւ այն մարդիկ՝ Արսեն Ահարոնյանի հարազատները, ովքեր իմացել են իրականությունը, կարողացել են համոզել, որ նա վերանայի «մեղքը վերցնելը» եւ առնվազն ասի, թե ինքը չէ մարդասպանը։

Ամենից հետաքրքրականն այստեղ այն է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հ.Թամամյանը, ըստ էության, տեղյակ է եղել նշված պայմանավորվածություններին, ինչպեսեւ՝ կատարվածի իրական մանրամասներին։ Ավելին՝ տեղյակ է եղել ոչ միայն նա։

Մասնավորապես քննության ընթացքում ի հայտ են եկել հստակ տվյալներ, որ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը հեռախոսային խոսակցություն է ունեցել միջադեպից հետո հիվանդանոցում գտնվող Արսեն Ահարոնյանի եւ նրա ընկերոջ՝ Պետրոս Գրիգորյանի հետ։

Թե հատկապես ի՞նչ են զրուցել, կոնկրետ ի՞նչ է ասել Լեւոն Սարգսյանը նշված անձանց, կարող են թերեւս իրենք պատմել։ Ամեն դեպքում, կան վկայություններ, որ այդ խոսակցության ընթացքում Արսեն Ահարոնյանը մի քանի անգամ նշել է՝ «հա, հասկացա»։ Ասել կուզի, որ զրուցակիցը ինչ-որ բան է բացատրել, հրահանգել կամ կարգադրել։

Նաեւ վկայություններ կան, որ Արսենն այդ խոսակցությունից հետո նշել է, թե ամեն ինչ լավ է։ Այսինքն՝ նա զրուցակցից նաեւ որոշակի հավաստիացումներ կամ երաշխավորություններ է ստացել, որ «ամեն ինչ լավ կլինի» նաեւ հետագայում։ Իսկ բուն փաստն այն է, որ հենց դրանից հետո է, որ Արսեն Ահարոնյանը ինքն իր դեմ ցուցմունք է տվել, թե՝ էսպես ու էսպես, «ես եմ խփել»։

Ոչ պակաս յուրահատուկ մոտեցումներ է դրսեւորել նաեւ գեներալ Թամամյանը, թույլ տալով, որ Վռամ Բաղդասարյանը եւ Արսենի ծնողները իր աշխատասենյակում քննարկեն գործի այդ մանրամասնությունները, հետո թույլ է տվել, որ Վ.Բաղդասարյանը հեռանա, չնայած սկզբնապես այդտեղ էր բերվել (կամ եկել) իր արարքը խոստովանելու համար։

Վերջաբան

Ի՞նչ է ստացվում։ Մեկը, որ ի պաշտոնե պետք է բոլոր ջանքերն ու հնարավորությունները գործի դներ կատարված հանցագործության իրական հանգամանքները բացահայտելու, համապատասխան ապացույցներ ձեռք բերելու համար, իրականում ինչ-որ «բանակցություններ» է վարել կամ առնվազն «բանակցային» միջնորդ է եղել։

Մեկ ուրիշը, որ պատգամավոր է, այսինքն՝ օրենսդիր պետական կառույցի ներկայացուցիչ, ազատորեն միջամտել եւ ուղղորդել է միջադեպի մասնակիցներին՝ իրականությունը թաքցնելու, խեղաթյուրելու նպատակով։ Ավելին՝ անգամ զենքերը հանձնել-չհանձնելու հարցը նրա հետ են փորձել ճշտել։

Այսինքն՝ բարձրաստիճան ոստիկանը «տնավարի» մոտեցում է դրսեւորում իր անմիջական պարտականություններին։ Բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա (իսկ պատգամավորը իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ է) իր զբաղեցրած պաշտոնին ու պետությունից ստացած մանդատին բացարձակապես անհարիր մոտեցումներ է դրսեւորում։

Եւ ո՞վ կհավատա, որ դրանք եզակի նմուշներ են։ Ավելի շուտ՝ տրամագծորեն հակառակը։ Պարզապես այս անգամ «ինքնախոստովանածը» որոշակի կապեր ունեցող անձնավորության՝ Հ. Շահինյանի մոտիկ ազգականն է, եւ հարցը չի «քնեցվել»։ Իսկ ի՞նչ ասեն «կապեր ունեցող» հարազատներ չունեցողները, որոնց գործերը հայտնվում են նման ոստիկանների կամ նման պաշտոնյայի ձեռքի տակ։

Կոնկրետ այս պատմության հետ կապված շատ բան գուցե պարզվի նաեւ դատարանում։ Գուցե հետագայում բացատրություն տրվի նաեւ, թե ինչու, օրինակ, տվյալ պատգամավորը չի հարցաքննվել առնվազն որպես վկա։ Գուցե։

Բայց այս ամբողջը, արդեն առանց «գուցե»-ների, եւս մեկ անգամ ու պարզորոշ հուշում կամ արդեն նույնիսկ հորդորում է, որ երկրի պետական համակարգում ընդհանրապես, ոստիկանության կառույցում՝ մասնավորապես, իրապես խորքային, ինչպես սիրում են ասել՝ համակարգային փոփոխություններ են հարկավոր։ Ոչ թե ինչ-որ «բարեփոխումներ», այլ հենց փոփոխություններ»,- գրում է «Հայոց աշխարհը»։

Share |

Գովազդ