Համաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են 2 տրիլիոն դոլարը
Համաշխարհային ռազմական ծախսերը 2021 թվականին իրական արտահայտությամբ աճել են 0,7 տոկոսով՝ հասնելով ավելի քան 2 տրիլիոն դոլարի։ Համաշխարհային ռազմական ծախսերի վերաբերյալ Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) հրապարակած նոր տվյալների համաձայն՝ 2021 թվականի խոշորագույնների հնգյակը եղել է ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը, որոնց մասնաբաժինը միասին կազմում է ծախսերի 62 տոկոսը: Համաշխարհային ռազմական ծախսերը շարունակել են աճել 2021 թվականին՝ հասնելով պատմական առավելագույնին՝ 2,1 տրիլիոն դոլարի։ Արդեն յոթերորդ տարին անընդմեջ ծախսերն ավելանում են։
«Նույնիսկ Covid-19 համավարակի տնտեսական ազդեցության պայմաններում համաշխարհային ռազմական ծախսերը հասել են ռեկորդային մակարդակի»,- ասել է SIPRI-ի ռազմական ծախսերի եւ զենքի արտադրության ծրագրի ավագ գիտաշխատող, դոկտոր Դիեգո Լոպես դա Սիլվան: «Ինֆլյացիայի պատճառով իրական արտահայտությամբ աճի տեմպերի դանդաղում է եղել։ Սակայն անվանական արտահայտությամբ ռազմական ծախսերն աճել են 6,1 տոկոսով»։
2021 թվականին տնտեսական աճի վերականգնման արդյունքում համաշխարհային ռազմական բեռը՝ համաշխարհային ռազմական ծախսերը՝ որպես համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մասնաբաժին, նվազել է 0,1 տոկոսային կետով՝ 2020 թվականի 2,3 տոկոսից 2021 թվականին հասնելով 2,2 տոկոսի։ 2021 թվականին ԱՄՆ ռազմական ծախսերը կազմել են 801 միլիարդ դոլար՝ 2020 թվականի համեմատ 1,4 տոկոսով պակաս: ԱՄՆ ռազմական բեռը փոքր-ինչ նվազել է՝ 2020 թվականին ՀՆԱ-ի 3,7 տոկոսից 2021 թվականին հասնելով 3,5 տոկոսի։ Ռազմական հետազոտությունների եւ զարգացման (R&D) համար ԱՄՆ ֆինանսավորումը 2012-2021 թվականներին աճել է 24 տոկոսով, մինչդեռ զենքի գնումների ֆինանսավորումը նույն ժամանակահատվածում նվազել է 6,4 տոկոսով:
«2012-2021 թվականների գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքների ծախսերի աճը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում հաջորդ սերնդի տեխնոլոգիաներին»,- ասել է SIPRI-ի ռազմական ծախսերի եւ սպառազինությունների ծրագրի անդամ Ալեքսանդրա Մարկշտայները: «ԱՄՆ կառավարությունը բազմիցս ընդգծել է ռազմավարական մրցակիցների նկատմամբ ամերիկյան բանակի տեխնոլոգիական գերազանցության պահպանման անհրաժեշտությունը»։
Ռուսաստանը 2021 թվականին իր ռազմական ծախսերն ավելացրել է 2,9 տոկոսով՝ հասնելով 65,9 միլիարդ դոլարի։ 2021 թվականին Ռուսաստանի ռազմական ծախսերը հասել են ՀՆԱ-ի 4,1 տոկոսին։ Բյուջեի «ազգային պաշտպանություն» հոդվածը, որը կազմում է Ռուսաստանի ընդհանուր ռազմական ծախսերի մոտ երեք քառորդը եւ ներառում է օպերատիվ ծախսերի, ինչպես նաեւ սպառազինությունների գնումների ֆինանսավորումը, տարվա ընթացքում վերանայվել է դեպի մեծացման համար: Վերջնական ցուցանիշը կազմել է 48,4 միլիարդ դոլար՝ 14 տոկոսով ավելի, քան 2020 թվականի վերջի բյուջեում: Չինաստանը, որը ծախսերով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում է, 2021 թվականին իր բանակին հատկացրել է մոտ 293 միլիարդ դոլար, ինչը 4,7 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատ: Չինաստանի ռազմական ծախսերը 27 տարի անընդմեջ աճում են։
2021 թվականի բյուջեի նախնական հաստատումից հետո Ճապոնիայի կառավարությունն ավելացրել է ռազմական ծախսերը 7,0 միլիարդ դոլարով։ Արդյունքում՝ 2021 թվականին ծախսերն աճել են 7,3 տոկոսով՝ հասնելով 54,1 միլիարդ դոլարի, որը 1972 թվականից ամենաբարձր տարեկան աճն է։ Ավստրալիայի ռազմական ծախսերը նույնպես աճել են 4,0 տոկոսով՝ 2021 թվականին հասնելով 31,8 միլիարդ դոլարի։
2021 թվականին Իրանի ռազմական բյուջեն չորս տարվա ընթացքում առաջին անգամ աճել է մինչեւ 24,6 միլիարդ դոլար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորումը 2021 թվականին շարունակել է աճել եւ կազմել է Իրանի ընդհանուր ռազմական ծախսերի 34 տոկոսը: ՆԱՏՕ-ի ութ անդամներ հասել են պաշտպանության վրա ՀՆԱ-ի 2 եւ ավելի տոկոսը ծախսելու նպատակին։ Նիգերիան 2021 թվականին իր ռազմական ծախսերն ավելացրել է 56 ոկոսով՝ հասցնելով 4,5 միլիարդ դոլարի։ Աճը տեղի է ունեցել ի պատասխան անվտանգության բազմաթիվ մարտահրավերների, ինչպիսիք են բռնի ծայրահեղականությունը եւ անջատողական շարժումները:
Գերմանիան, որը ծախսերով երրորդ տեղում է Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայում, 2021 թվականին ռազմական նպատակներով ծախսել է 56 միլիարդ դոլար կամ իր ՀՆԱ-ի 1,3 տոկոսը: Ռազմական ծախսերը 2020 թվականի համեմատ 1,4 տոկոսով ցածր են եղել ինֆլյացիայի պատճառով։
2021 թվականին Կատարի ռազմական ծախսերը կազմել են 11,6 միլիարդ դոլար, ինչը նրան դարձնում է հինգերորդ ամենամեծը Մերձավոր Արեւելքում: Հնդկաստանի 76,6 միլիարդ դոլարի ռազմական ծախսերը երրորդ տեղն են զբաղեցնում աշխարհում։ Սա 0,9 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին, եւ 33 տոկոսով ավելի, քան 2012 թվականին։
The post Համաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են 2 տրիլիոն դոլարը appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/UoY82ZS
via IFTTT